ԿարևորՔաղաքական

Բողոքի ցույց՝ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առջև

Լիլիթ Սեդակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

Լոս Անջելեսի հայ համայնքը բողոքի ցույց է կազմակերպել Ադրբեջանի հյուպատոսության առջև` պահանջելով ընդունել 26 տարվա վաղեմության մեղքը` Սումգայիթի ոճրագործությունը և պատժել հայ սպային կացնահարած մարդասպանին: Հայկական կառույցների ներկայացուցիչները նշել են, որ իրենց ակցիան ուղղված է ոչ միայն Ադրբեջանի հյուպատոսությանը, այլև նպատակ ունի միջազգային հանրությանը իրազեկել անցյալի դեպքերի մասին` ակնկալելով համարժեք արձագանք:

Սումգայիթի ողբերգության 26 և Գուրգեն Մարգարանի սպանության 10-րդ տարելիցի առիթով համայնքային կառույցների ներկայացուցիչները հավաքվել էին Լոս Անջելեսի դիվանագիտական թաղամասում: Հասցեն անփոփոխ է. արդեն ավանդաբար ամերիկահայերն այս օրերին բողոքի ցույց են կազմակերպում Ադրբեջանի հյուպատոսության շենքի առջև: Այստեղ են տեղակայված նաև մի քանի այլ երկրի դիվանագիտական ներկայացուցչություն: Ցույցի կազմակերպիչներն ակնկալում են, որ նրանց միջոցով, Ադրբեջանին ուղղված բողոքն ու պահանջը, լսելի կդառնա նաև միջազգային հանրությանը:

Մարդու իրավունքներին հավատարիմ երկրները` ՄՆ-ը, Եվրոպան, պետք է դադարեցնեն լռությամբ աջակցել Ադրբեջանի հակամարդկային արարքներին, լինի Սումգայիթի կամ Բաքվի ջարդերի, թե հայ սպային կացնահարողին հերոսացնելու պարագայում, նշեցին հայ ցուցարարները: Նրանց խոսքով, միջազգային հանրության լռությունն է պատճառը, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ վարքը:

Մեզանից ամեն մեկը կարող էր լինել Գուրգենի փոխարեն, ասում են ամերիկահայ երիտասարդները: Նրանք նշում են, որ պարտավոր են հասնել Ռամիլ Սաֆարովի ու նրա կերպարը կերտողի պատժին:

Ցույցի ավարտին հայ եկեղեցու սպասավորները աղոթք հնչեցրին Սումգայիթի զոհերի և Գուրգեն Մարգարյանի հիշատակին: Իսկ առավոտյան Լոս Անջելեսի հայկական եկեղեցիներում հոգեհանգստյան պատարագ էր մատուցվել Գուրգեն Մարգարյանի հիշատակին:

Ցուցադրել ավելի
Back to top button