ԿարևորՀասարակություն

Ասել միայն ճշմարտությունը. ԶՈՒ լուսաբանելու հարցում միակ ոսկե կանոնը` ըստ Սեյրան Շահսուվարյանի

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

ԶԼՄ-ները որքանով են ճիշտ և օբյեկտիվ լուսաբանում բանակին վերաբերող թեմաները. Հարցի շուրջ լրագրողների հետ հանդիպմանն իր մեկնաբանություններն է ներկայացրել ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա պնդմամբ` Զինված ուժերի լուսաբանման հարցում ընդամենը մեկ ոսկե կանոն գոյություն ունի` ասել միայն ճշմարտությունը:

ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սեյրան Շահսուվարյանը հիշում է. «Աշխատանաքային գործունեության 20 տարիների ընթացքում տարվա մեջ առնվազն երկու անգամ լրագրողների մեծ խումբ եմ տարել Արցախ, այդ թվում հինգ-վեց անգամ միայն առաջին գիծ ու բազմիցս բացահատել հետևյալը.
«Այն լրագրողները, որոնք ամենից շատ էին փնովում բանակն ու սարսափելի պատմություններ գրում ղարաբաղյան բանակի մասին, պարզվում էր առաջին անգամ են լինում Արցախում: Սա ամենասարսափելին է, երբ լրագրողը չի տիրապետում նյութին, բայց այդ մասին գրում է»:

«Մեր թերթերն ու կայքերը այնքան են գրում և այնպիսի մանրամասնությամբ են գրում բանակի մասին, որ Ադրբեջանն անգամ հետախույզների կարիք չէր ունենա, եթե մի քիչ խելք ունենար ու խելամտորեն օգտագործեր հայ լրագորղների մատուցած տեղեկատվությունը»,- Սեյրան Շախսուվարյանի կարծիքն է: Նրա համոզմամբ` Զինված ուժերի լուսաբանման հարցում ընդամենը մեկ ոսկե կանոն գոյություն ունի ՝ ասել միայն ճշմարտությունը, գրել այն, ինչ իսկապես տեսել ու լսել ես: Բանակին վերաբերող թեմաների լուսաբանման ոլորտում ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետը դրական առաջընթաց է նկատում:

Բանակ -ԶԼՄ-եր համագործակցության ներկա մակարդակը Սեյրան Շահսուվարյանը բարձր է գնահատում: Թափանցիկությունն ըստ նրա այս ոլորտում ակնհայտ է: Ադրբեջանի հետ քարոզչական պատերազմում, սակայն, ետ ենք մնում, ըստ վարչության նախկին պետի խնդիրը ֆինանսներն են: «Ադրբեջանն այդ ոլորտում հսկայական գումարներ է ներդնում»,-ասում է Սեյրան Շահսուվարյանը, բայց կա մի բան, որ գումարով, նույնիսկ շատ մեծ գումարով հնարավոր չէ գնել և դա հենց այն է, ինչն ի հեճուկս ադրբեջանական նավթադոլարների` հայկական բանակը դարձնում է հաղթական, հայ զինվորին՝ անպարտելի. «Հայրենիքի զգացողությունը սահմանային գծում հայ զինվորի մեջ չափազանց ուժգին է»:

Կա նաև մի ցուցակ, որն օրերս անկեղծորեն զարմացրել և ուրախացրել է ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետին. դա Ռուսաստանից ու արտասահմանյան ամենատարբեր երկրներից հայրենիքին ծառայելու նպատակով Հայաստան եկած երիտասարդների ցուցակն է, ըստ Սեյրան Շահսուվարյանի` հակական բանակում ծառայող նման երիտասարդների թիվը հասնում է մոտ 300-ի:
«Երիտասարդներ այսօր ծառայում են հայկական ԶՈՒ-ում»:

Ցուցադրել ավելի
Back to top button