Հասարակություն

Քաղաքագետ.«Ուկրաինական զարգացումները կհանգեցնեն աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումների»

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ուկրաինայում սրընթաց զարգացող իրադարձությունները մնում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Կիևի անկախության հրապարակում շարժման ականատեսներից քաղաքագետ Իգոր Մուրադյանը և Հայաստանի «կանաչների» կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանն այսօր լրագրողներին են ներկայացրել իրենց դիտարկումները ուկլրաինական զարգացումների շուրջ:

Քաղաքագետ Իգոր Մուրադյանը, ով բազմիցս վերջին շրջանում եղել է Կիևում, հերքեց այն կարծրատիպը, որ Մայդանը վերածվել է անկառավարելի և անվերահսկելի մի ուժի: «Մայդանը՝ մաքրության տարածք է, որտեղ ընթանում է ազգային ազատագրական պայքար: Այնտեղ չկա ալկոհոլ, չկա գողություն, ամեն ինչ վերահսկվում է»:

Ուկրաինական սրընթաց զարգացումները կհանգեցնեն աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումների, համոզված է Մուրադյանը: Այդ երկիրն այսօր գտնվում է եթե ոչ փլուզման, ապա կիսվելու շեմին, ինչը կարող է լարվածության նոր ալիք առաջացնել երկրում: Քաղաքագետը չբացառեց, որ ի վերջո կարող է կիրառվել դաշնային մոդելը, որտեղ ռուսամետ և արևմտամետ մասերը կունենան ընդհանուր տնտեսական, ֆինանսական և այլ մարմիններ:

«Քաղաքական կյանքը Հայաստանում մեռել է, այն վերացել է: Այս պարագայում կասկածում են, արդյոք հայ հանրությունը պատրաստ է իմաստավորել ուկրաինական զարգացումները»:

Ուկրաինայի քաղաքական զարգացումների հիմնական էպիկենտրոնը` Մայդանը բավականին տպավորել էր Հայաստանի «կանաչների» կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանին: Նա նկատեց, որ ժամ առ ժամ փոխվող իրավիճակը ավելի անկանխատեսելի է դարձնում: Դովլաթյանի դիտարկումներով, Ուկրաինայի հատկապես արևելյան մասը ձգտում է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մայդանի հիմքում Ռուսաստանի և Արևմումքի տնտեսական պայքարն է, հայտարարեց «կանաչների» կուսակցության նախագահը: Սակայն ինչ արդյունք կունենա արյունով ուղեկցվող այս զարգացումները, դեռևս դժվար է կանխատեսել:

Ցուցադրել ավելի
Back to top button