Հասարակություն

Հայաստանում ստոմատոլիագիան ամենազարգացածն է Տարածաշրջանում. ատամնաբույժ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Շատ երկրներում ատամնաբուժական ծառայությունները մատչելի չեն, դրա համար էլ շատերը նախընտրում են Հայաստան գալ և այստեղ դիմել ատամնաբույժին: Սակայն Հայաստանում ոլորտում տեղի ունեցած հարկային վերջին փոփոխությունները ստիպեցին մեր մասնագետներին իրենց գիտելիքները կիրառել արտասահմանյան կլինիկաներում: Այնուամենայնիվ, ոլորտում միջազգային նորամուծությունները կիրառելի դարձնելու համար օտարերկրյա մասնագետների ներկայությամբ ֆորումներն ու բաց դասերն անպակաս չեն: Այսօր Երևանի Պետական բժշկական համալսարանում կայացել է «Ստոմատոլոգիական տուրիզմ դեպի Հայաստան» նախագծի թիմի կազմակերպած «Նորարար լուծումները ստոմատոլոգիայում» թեմայով ֆորում, որը վարել է Հայաստան հրավիրված միջազգային որակավորման հեղինակավոր դասախոս Արամ Դավիդյանը:

Երևանի բժշկական համալսարանի շատ շրջանավարտներ այսօր աշխատում են արտերկրում, սակայն կապը հարզատ բուհի հետ չեն խզում: Ատամնաբույժ Արամ Դավիդյանն այսօր բժշկական համալսարանում կազմակերպված «Նորարար լուծումները ստոմատոլոգիայում» խորագրով բաց դասին ներկայացրեց արհեստական ատամնաշարի ժամանակակից ինպլանտացիայի վերջին նորությունները: Մեր մասնագետները հավաստում են, որ Հայաստանը աշխարհի մակարդակով երբևէ հետ չի մնացել ստոմատոլոգիական նորամուծություններից և չկա այնպիսի մի տեխնոլոգիա, որը մեզ մոտ չի կիրառվում:

Հայաստանի գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը երաշխավորում է, որ տարածաշրջանում մենք առաջատարներից ենք: Ինպլանտալոգիան Հայաստանում 25-ից 30 տարի է կիրառվում է, այն արդեն Հայաստանում զարգացած ճյուղ է: Նրա խոսքով` այս ճյուղում մասնագիտանալու համար միայն պայմաններ են անհրաժեշտ մասնագետներին:

«Ստոմատոլոգիական տուրիզմ դեպի Հայաստան» նախագծի հեղինակ Դավիթ Հովհաննիսյանի խոսքով` նման ֆորումների նպատակն է Հայաստանում ավելի արագ տեմպերով զարգացնել ստոմատոլոգիան: Հունվարի 15-ին կայացել է բաց դասի առաջին մասը, որի տված գիտելիքներն արդյունավետ են եղել: Դրանք արդեն կիրառվում են:

Հոկտեմբերին Երևանում կմեկնարկի ԱՊՀ երկրների ստոմատոլոգների միջազգային կոնգրես, որտեղ ևս կքննարկվեն ոլորտի զարգացմանը խթանող հարցեր:

Ցուցադրել ավելի
Back to top button