ԿարևորՔաղաքական

Կալիֆորնիա նահանգային խորհրդարանում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

Կալիֆորնիա նահանգային խորհրդարանում շուտով քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այն ներկայացրել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Ջոն Փերեզը: Առաջին անգամ է հայկական բանաձևը ներկայացվում խոսնակի կողմից: Ամերիկահայ լոբիստների գնահատմամբ, Ջոն Փերեզի հայամետ գործունեությունն առավել նկատելի է դարձել սեպտեմբերին Հայաստան կատարած այցից հետո, որի ընթացքում ամերիկացի մի խումբ քաղաքական գործիչներ հնարավորություն են ունեցել առավել խորությամբ ուսումնասիրել հայոց պատմությունն ու հայկական խնդիրների ներկա օրակարգը:

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի խոսնակ Ջոն Փերեզի ներկայացրած` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն առաջարկում է 2014 թվականի ապրիլի 20-26-ը Կալիֆորնիայում հայտարարել Հայոց ցեղասպանության հիշատակի շաբաթ:

Փաստաթղթում նշվում է, որ իրենց պատմական հայրենիքում հայերը ենթարկվել են հալածանքի և վայրագության Օսմանյան կայսրության կողմից` 20-րդ դարի շեմին և սկզբին` ներառյալ` 1894-1896 թվականների և 1909-ի ջարդերը:

Թուրքիայի հետ ռազմավարական, առևտրային կամ մշակութային կապեր ունեցող երկրների ղեկավարները պետք է հիշեն իրենց պարտականությունը` հորդորել թուրք պաշտոնյաներին, որ դադարեցնեն Հայոց ցեղասպանության փաստերը աղավաղելու և ժխտելու ջանքերը, ասված է բանաձևում: Փաստաթուղթն արձանագրում է նաև, որ Թուրքիայում այսօր բռնի լռեցվում են նրանք, ովքեր քաջություն են ունենում խոսել ճշմարտության մասին: Մինչդեռ պետք է անհապաղ կենտրոնացնել ջանքերը` պատմական իրողության ճանաչումն ամրապնդելու գործում, որը կլինի դրա կրկնությունը կանխելու միակ միջոցը: Այդ նպատակին է ուղղված նաև ցեղասպանության և մարդու իրավունքների թեմաների խոր ուսումնասիրությունը դպրոցական ծրագրում ներառելու` Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի քայլը, ասված է փաստաթղթում:

Բանաձևում նշված է նաև, որ Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը ցավում է, որ ՄՆ-ում և նրա սահմաններից դուրս դեռևս կան պատմական իրողության ժխտման դրսևորումներ: Փաստաթուղթը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ ամերիկյան կոնգրեսին և Բարակ Օբամային հորդորում  հետևել իրենց օրինակին: Հայ դատի հանձնախմբի արևմտյան ամերիկայի գրասենյակի տնօրեն Էլեն Ասատրյանը նկատեց, որ այս տարի առաջին անգամ է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ներկայացնում նահանգային խորհդրարանի խոսնակը:

Հայ դատի հանձնախումբը տարիների փորձից գիտի, որ թուրքական լոբբիստների արձագանքն  առաջիկա օրերին չի ուշանա` նրանք ամեն կերպ կփորձեն կասեցնել բանաձևի ընդունումը նահանգային խորհրդարանում, բայց` անօգուտ:

Հայ դատի հանձնախումբն այս տարի առաջին անգամ գործունեությունը կընդլայնի ՄՆ-ի արևմտյան ափի մյուս նահանգներում, որոնցում մինչև այժմ հայկական հարցերի օրակարգը ներկայացված չի եղել:

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քվեարկության կդրվի ապրիլի 7-ին: Այդ օրը Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Սակրամենտո կմեկնեն 2-3 հարյուր ամերիկահայ ակտիվիստներ` կոնգրեսականների հետ հանիդպելու և համայնքի խնդիրները քննարկելու նպատակով: Նրանք նաև ներկա կլինեն խորհրդարանի այդ օրվա նիստին, որի ընթացքում կընդունվի հայկական բանաձևը:

Ցուցադրել ավելի
Back to top button