ԿարևորՀասարակություն

Դիլիջանը` սողանքային գորտում, միջազգային դպրոցը`ոչ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանը գտնվում է ալպյան գոտում, որը երկրաբանական տեսակետից սողանքային է: Մեր երկրում փոքր ու մեծ սողանքներն ընդհանուր հաշվարկներով 3000-3500-ն են, իսկ ամենաակտիվները մոտ 200-ի են հասնում: Երկրաբանները չեն զլանում մեկ անգամ ևս հիշեցնել, որ շինարարական ցանկացած աշխատանք սկսելուց առաջ պետք է տեղանքի լուրջ հետազոտություներ անցկացվեն: Սողանքային է նաև Դիլիջանը, որի մի հատվածում, այսօր էլ ակտիվ շինարարություն է ընթանում: Աղստև գետի դեմ–դիմաց կառուցվում է Դիլիջանի Միջազգային դպրոցը, որի կառուցման համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում: Վերջին շրջանում քննադատություններ են հնչում նպատակահարմար է արդյո՞ք մեծ ներդրումներ կատարել սողանքի գոտում:

Ժամանակ առ ժամանակ մասնագետներն ու հատկապես երկրաբանները հիշեցնում են՝ Հայաստանը սողանքային գոտում է գտնվում: Տարբեր հաշվարկներով՝ մեր երկրում շուրջ երեք հազար հինգ հարյուր սողանքային գոտի ունենք: Վտանգավոր են սողանքային բոլոր գոտիները, սակայն ամենավտանգավոր հատվածներից է Կապանը, որի երկաթգծի փլուզման ժամանակ զոհեր ենք ունեցել: Երկրաբանները շարունակում են պնդել՝ մինչև որևէ շինություն կառուցելը, նախ պետք է հետազոտական աշխատանքներ իրականացվեն, իսկ այն տարածքները, որտեղ առկա են սողանքների վտանգներ, պետք է կրկնակի ուսումնասիրվեն:

Սողանքային է նաև Դիլիջանը, որի մի հատվածում, այսօր էլ ակտիվ շինարարություն է ընթանում: Աղստև գետի դեմ –դիմաց կառուցվում է Դիլիջանի Միջազգային դպրոցը: Վերջին շրջանում քննադատություններ են հնչում՝ մեծ ներդրումներ սողանքի գոտում, որքանո՞վ է նպատակահարմար: Խնդրի շուրջ զրուցեցինք IDeA հիմնադրամի տնօրեն Արտակ Մելքոնյանի հետ: Պարզվեց՝ հիմնադիրները տեղյակ էին, ավելին, ընտրությունը կատարվել է բազմաթիվ չափանիշերից ելնելով, իհարկե պարզ էր, որ սա Դիլիջանն է, սողանքների մասին՝ գիտեին:
«Այս նախագծումը, շենքերի դիրքը և ընդհանուր տեսքն ընտրված է՝ այդ ամեն ինչը հաշվի առնելով, ներգրավված են եղել բազմաթիվ մասնագետներ Հայաստանից, ՌԴ-ից, Մեծ Բրիտանիայից: Պետք է ասեմ, որ այստեղ կիրառում ենք ինովացիոն, ընդհնարապես նախադեպը չունեցող մոնիտորինգային համակարգ, փորձում ենք հասկանալ, թե հողն իրեն ինչպես է պահում՝ ամբողջովին ապահովելով ապագայում հնարավոր խնդիրներիից»:

Հարցումով մեկ անգամ ևս դիմեցինք IDeA հիմնադրամին, պատասխանը չուշացավ: «Մենք համագործակցել ենք տեղացի և միջազգային երկրաբանների հետ։ Ներգրավել ենք GCG (Geotechnical Consulting Group) անգլիական ընկերությունը, որն ունի բարձրորակ մասնագետներ և հարուստ փորձ երկրաբանության ու սողանքների ուսումնասիրման և կանխարգելման ոլորտներում։ Միջազգային մասնագետների օգնությամբ նախատեսվում է հակասողանքային միջոցառումների շրջանակներում անցկացնել մշտական հսկողություն՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ։ Նորագույն տեխնոլոգիաներով նման մշտական մոնիտորինգ մինչ այս Հայաստանում չի կիրառվել»։

ՀՀ շինարարության պատմության մեջ դեռևս չօգտագվործված նոր տեխնոլոգիաներ, որոնք կարևոր են մեզ համար, քանի որ այդ փորձը, գիտելիքը կկիրառվի նաև այլ շինրարական օբյեկտներում նույնպես: Դպրոցի տարածքն ընդգրկում է 64 հազար քառակուսի մետր մակերես: Բոլորովին վերջերս Դիլիջանի միջազգային դպրոց էր այցելել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ենթակառուցվածքները, որոնց համար պետությունն է պատասխպանատու, բարվոք վիճակում չեն»,- նկատեց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով՝ Աղստև գետի հետ կապված խնդիր ունենք, հողերի սահելու խնդիրը մենք պետք է լուծենք ընթացքում: Օգտվելով առիթից դպրոցի՝ սողանքային գոտում գտնվելու և կառավարության հասցեին հնչող մեղադրանքների մասին հարցրեինք նաև կառավարության ղեկավարից.«Մասնագետներն արդեն տվել են իրենց եզրակացությունը, թե օպտիմալ լուծումը որն է, մենք այդ ծրագրին հավանություն ենք տվել, առաջիկա նիստերից մեկում կհաստատենք այդ ծրագիրն ու գումար կհատկացնենք ու սողանքային հողերի խնդիր կլուծենք»:

Խոստումը շատ կարճ ժամանակում իրականության դարձավ, վարչապետի այցին հաջորդող կառավարության առաջին իսկ նիստում՝ փետրվարի 13-ին, Դիլիջանի քաղաքային համայնքի տարածքում Աղստև գետի ձախափնյա ափապաշտպան հենապատի վերականգնման հետազոտական-նախագծային և շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով գործադիրը «Դիս փրոփերթիս» բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն հատկացրելց 250 մլն դրամ: Դրա շնորհիվ գարնանային վարարման ժամանակ կկանխվեն գետի ափապաշտպան արգելաթմբի քայքայումն ու փլուզումը:

Հավելենք, որ այս ուսումնական տարում դպրոցն արդեն իր դռները կբացի 16 տարկեանից բարձր տարիքր առաջին աշակերտների առջև: Դպրոցը ֆինանսավորվում է ՀՀ-ում և Մեծ Բրիտանիայում հաշվառված բացառապես կրթության ոլորտում գործող բարեգորխական հիմնադրամների կողմից: Ակնկալվում է, որ դպորցի սաների 10 տոկոսը կլինի Հայաստանից, 35 տոկոսը՝ Արևելյան Եվրոպայից, 35 տոկոսը՝ Միջին Արևելքից ու Աֆրիկայից, 20 տոկոսն՝ այլ աշխարհամասերից: Աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար՝ բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:

Ցուցադրել ավելի
Back to top button