Տնտեսական

ՀՀ երկաթուղային ցանցը կերկարի ավելի քան 300 կիլոմետրով

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մեր երկրի երկաթուղային ցանցը մոտակա տարիներին կերկարի ավելի քան 300 կիլոմետրով` ի հաշիվ կառուցվելիք հարավային երկաթուղու: Այն միավորելու է Գեղարքունիքի մարզի Գագարին և Սյունիքի մարզի Ագարակ համայնքները: Հետագայում այն կմիավորի Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերը: Արդեն պատրաստ է այս նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը: Ծրագիրը իրականացվելու է Դուբայում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության կողմից: Գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին այսօր հանդիպել է լրագրողներին և ներկայացրել ծրագրի առանձնահատկությունները, դրա իրագործելիության հիմնավորման արդյունքները:

Հայաստանի հարավային երկաթուղին իրականություն կդառնա 2022 թվականին, հավաստիացրեց «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Ջոզեֆ Բորկովսկին: Արդեն պատրաստ է տեխնիկատնտեսական հիմնավորումը և երկու տարի անց կմեկնարկի բուն շինարարությունը: 304 կիլոմետր 700 մետր երկարությամբ երկաթուղու 102 կիլոմետր 400 մետր հատվածը անցնելու է 60 թունելներով, ևս 84 կամուրջ նախատեսված է կառուցել: Տարեկան նախատեսվում է իրականացնել ավելի քան 18 մլն տոննա բեռնափոխադրում: Այս տպավորիչ նախագծի արժեքն է 3,2 մլրդ ԱՄՆ դոլար,ամեն մի կիլոմետրի արժեքը կկազմի 10,5 մլն դոլար, ինչը պայմանավորված է տեղանքի բարդություններով: Այս հարցում մեր երկիրը որևէ ֆինանսական մասնակցություն չունի և չի կրում պետական երաշխավորություն, նշեց ընկերության ղեկավարը:

Երկու տարի առաջ ստորագրված կոնցեսիոն պայմանագրի համաձայն, որի գործունեության ժամկետն է 30 տարի՝ շինարարության ավարտից հետո, ընկերությունն իրականացնելու է Հայաստանի հարավային երկաթուղու նախագծումը, ֆինանսավորումը, կառուցումը և շահագործումը` բացառապես ընկերության կողմից ներգրավված միջոցների հաշվին: Նախագծի կապալառու է ընտրվել միջազգային  ասպարեզում  երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, ճանապարհային կոնստրուկցիաների կառուցմամբ մասնագիտացած մեծ փորձ ունեցող «Չինաստանի հաղորդակցային ընկերությունը»:

Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման իրագործելիության ուսումնասիրությունը ներկայացվել է նաև կառավարության քննարկմանը և արժանացել հավանության: Իսկ ներդրող ընկերությունը մտադիր է մեր երկրում իրականացնել նաև ճանապարհաշինարարական և հանքարդյունաբերական նախագծեր, սակայն առաջնահերթը մնում է երկաթուղին: Ի դեպ, ինչպես պարզվեց, «Ռասիա ՖԶԷ» ընկերության անվանումը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button