Քաղաքական

Ընդդիմադիր պատգամավորները հետաձգում են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների առաջարկները

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր խորհրդարանի մշտական հանձնաժղովները պատրաստվում էին հաջորդ շաբաթ մեկնարկող Աժ-ի քառօրյա աշխատանքներին: Միանգամից մի քանի հանձնաժողովներում նիստեր էին գումարվել` որոշելու թե օրակարգում ինչ հարցեր են ընդգրկվելու: Որոշ հանձնաժողովներում աշխատանքը ընթացավ բնականոն հունով, որոշներում էլ` թեժ էր, երբեմն` օրակարգին չվերաբերող: Այսօր պարզ դարձավ, որ առաջիկա քառօրյայից ընդդիմադիր պատգամավորները հանել են եւս մեկ նախաձեռնություն, որը առնչվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների առաջարկներին:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով խորհրդարանում ստեղծելու առաջարկի դեմ ոչինչ չի կարող ասել: Ուզում է հավատալ, որ առաջարկի հեղինակները ազնիվ են իրենց ցանկություններում: Հնարավոր է` կան խնդիրներ, որոնք պետք է պարզաբանվեն եւ, առաջին հերթին բացառեն երբևէ նման դեպքերի կայացումը: Սրանից ավելին նախարարը այս հարցով չի ցանկանում խոսել: Այսօր նա խորհրդարանում էր ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին օրենսդրական առաջարկ ներկայացնելու համար: Նույն  նիստի մասնակիցները տեղեկացան, որ ընդդիմադիր պատգամավորները հետաձգում են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների առաջարկները:

Առաջնահերթ հարցը վերաբերում է հենց Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին: 

Աժ-ի առաջիկա քառօրյային պատրաստվում էր նաեւ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը, որի օրակարգում այսօր կար ընդամենը մեկ եւ առաջին հայացքից անմեղ մի հարց` «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը: Հարցը, ըստ էության վերաբերչում է, ԲՈՒՀ-ական համակարգերի փոխադարձ հարաբերություններին: Բայց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանից փորձեց պարզել ԲՈՒՀ-ական համակարգի իմիջի հարցը` ուղղությունը տանելով դեպի քաղաքապետի թեկնածուական ատենախոսության ժամանակ տեղի ունեցած դեպքերը, մեղավորների պատժումը եւ այլն:

Նիկոլ Փաշինյանն, ի դեպ պահանջում էր նաեւ հարգանք դեպի օրենսդիր մարմին հատկապես գործադիր մարմնի ներկայացուցիչների կողմից: 

Ցուցադրել ավելի
Back to top button