Հասարակություն

Արևմտահայերենն այսօր վտանգված է. քննարկում`ԳԱԱ-ում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Արդեն 14 տարի շարունակ փետրվարի 21-ը աշխարհում նշվում է որպես մայրենի լեզվի օր,  և բնական է, որ հենց այսօր քաղաքակիրթ աշխարհն ավելի շատ է հիշում մայրենի լեզվի առջև ծառացած հիմնախնդիրների մասին: Դարավոր փորձություններ անցած հայոց լեզվի այսօրվա կարևորագույն հոգսերից մեկը Սփյուռքում մեր մայրենիի պահպանման խնդիրն է և պատահական չէ, որ համայն աշխարհում Հայաստանը Սփյուռքի նախարարություն ունեցող եզակի երկիրն է և հենց այդ գերատեսչության ղեկավար Հրանուշ Հակոբյանն էլ այսօր արևմտահայերենը պահպանելու ուղղությամբ մանրամասնեց ծրագրային որոշակի դրույթներ:

«Հայերեն լեզվի մի ճյուղի նկատմամբ պետք է պետականորեն և լուրջ վերաբերմունք դրսևորենք, որն արդեն իրականացվում է: Վկան դպրոցների արևմտահայերեն դասագրքերի  պատրաստումն է, շուտով քերականության դասագիրքը կլինի»:

Սա խնդրի լուծման դեռ մի մասն է, իսկ գերագույն նպատակը արևելահայերենի և արևմտահայերենի  մերձեցման խնդիրն է, ասում է նախարարն ու հավելում, որ  արդեն ստեղծվել է մասնագիտական խումբը:

Նախարարությունը հայաստանյան և սփյուռքյան մասնագետների հետ համատեղ նախատեսում  է   ստեղծել արևմտահայերենով դասագրքերի փաթեթ, որն առաջիկայում կկիրառեն սփյուռքյան դպրոցներում, ինչն էլ կօգնի լեզվի անաղարտ կիրառմանը:  Իսկ Հայաստանում մայրենի լեզվի այս  ճյուղը տարածելու և այն կիրառելի դարձնելու ուղղությամբ  քայլեր ձեռնարկվում են : Մասնագետների վերապատրաստվում են,   որոշ դպրոցներում էլ անցկացվում են արևմտահայերենի ոչ պարտադիր դասընթացներ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արևմտահայերենը դասվել է մեռնող, վտանգված լեզուների շարքին և Սփյուռքի նախարարի վտանգից փրկվելու համար կոչ է անում բոլոր մասնագետներին աշխատել հայոց լեզվի այս ճյուղի զարգացման ուղղությամբ:

Իսկ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը  զուգահեռներ անցկացրեց, թե հայերենի որ ճյուղն է ավելի վտանգված: Նրա կարծիքով`  արևելահայերենին Հայաստանում վտանգ չի սպառնում: Գրական արևելահայերենի կիրառման խնդիրներ  կան, որոնք էլ, նրա ձևակերպմամբ, լուծելի են, իսկ արևմտահայերենը վտանգված է:

Այսօր արևմտահայերենը Սփյուռքում   կանգնած է մարտահրավերների առջև: Դրանցից են խառնամուսնությունները, հայկական դպրոցներում աշակերտների քիչ թվաքանակը, մասնագետների վերապատրաստումը: Արևմտահայերենն առավել սիրելու,  ականջին լսելի դարձնելու  հարցում Հայաստանում պայմաններն արդեն մեծաթիվ սիրիահայերի ներկայությամբ  լուծվել են:

Ցուցադրել ավելի
Back to top button