ԿարևորՔաղաքական

Սոցիալական ընդվզումը մեր երկրում հնարավոր է. վերլուծաբան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Ուկրաինական իրադարձություններին է այսօր անդրադարձել եւ դրանից քաղելիք դասի մասին խոոսել Կանադայում Հայաստանի նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Սկսվում է մի նոր սառը պատերազմ: Այս կարծիքին է Արա Պապյանը: Ըստ նրա Ուկրաինան դարձել է այն կիզակետը, պայքարի այն հիմնական թատերաբեմը, որտեղ Արեւմուտքն ու Ռուսաստանը նշում են իրենց շահերի սահմանները: Վերլուծաբանի դիտարկմամբ` ուկրաինական իրադարձությունները կարեւոր են հետխորհրդային այլ երկրների համար նույնպես:

Դիմակայությունը հեշտ մարող չէ` համոզված է Արա Պապյանը` նկատելով, որ Ուկրաինայում ձեւավորվել է հասարակական երկու մեծ խավ: Այդ պառակտումը նաեւ նկատելի է աշխարհագրորեն` Արեւելյան եւ Արեւմտյան, ուստի` վերլուծաբանը չի բացառում Ուկրաինայի տրոհումը երկու մասի: Նա նկատում է, որ նման կարծիքներ հնչում են նաեւ հենց Ուկրաինայում:

Այն, որ միասնական Ուկրաինա չի կարող լինել ոչ Արեւմուտքի, ոչ Ռուսաստանի համար, հասկանում են նաեւ կողմերը: Արա Պապյանի կարծիքով` դա ողբերգություն չէ, եթե դա է բերելու խաղաղություն եւ կայունություն ու ավելի լավ լուծում կլինի, քան երկիրը ներքաշվի քաղաքացիական պատերազմի մեջ: Նա համոզված է, որ զենքի ուժով Ուկրաինայում խնդիրը լուծել հնարավոր չէ` այդ մասին են վկայում նաեւ ուկրաինայի պարտիզանական ավանդույթները:

Վերլուծաբանի կարծիքով` ցանկացած իշխանություն ուկրաինական իրադարձություններից պիտի մեկ դաս քաղի. ընտրությունները պետք է հարգվեն որպես իշխանություն փոխելու լավագույն միջոց, որպեսզի ժողովրդի կողմից ձեւավորած իշխանությունն էլ շատ զգայուն լինի ժողովրդի մեջ խմորվող զգացումների, կողմնորոշումների նկատմամբ: Արա Պապյանի գնահատմամբ` Հայաստանում սոցիալական վիճակը պայթյունավտանգ է` եթե հիշենք, որ ՄՄ-ին անդամակցելու խնդիր կա, որից հետո կրկին թանկացումներ կլինեն` սոցիալական ընդվզում հնարավոր է` բոլորիս համար իր բացասական հետեւանքներով:

Բանախոսը մի հանգամանքի էլ անդրադարձավ: Հայաստանը ՄՄ-ին անդամակցության որոշում կայացնելով, միաժամանակ մեսիջ հղեց Արեւմուտքին, որ նման որոշումը պայմանավորված է բացասական զարգացումներից խուսափելու համար: Պապյանի ձեւակերպմամբ` Արեւմուտքը ցույց է տալու, որ բացասական զարգացումներ ինքն էլ կարող է անել եւ դրա օրինակն արդեն Ղարաբաղի խնդրի վերաբերյալ տեսնում ենք եւ դեռ էլի կտեսնենք:

Ցուցադրել ավելի
Back to top button