Տնտեսական

Վարդան Այվազյանը դեմ է «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

«Նաիրիտի» հարցով Աժ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ առաջարկը թեեւ խորհրդարանի նիստերի մեծ օրակարգում է, բայց առաջիկայում այն, հավանաբար, չքննարկվի: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց հարցը առաջիկա քայռօրյա նիստերի օրակարգ մտցնելու համար: Հիմնավորումն այն է, որ ռուսական կողմի հետ այժմ բանակցություններ են ընթանում հենց «Նաիրիտ»-ի հարցով, իսկ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը կխանգարի գործընթացին եւ ավելորդ քաղաքական շահարկումների տեղիք կտա:

Աժ-ի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը այսօր երկու անգամ փորձեց հանձնաժողովի նիստին հրավիրել Աժ-ում Կառավարության ներկայացուցչին: Նա չեկավ, նիստին ներկա չէր նաեւ Էներգետիկայի նախարարությունից որեւէ մի աշխատակից, իսկ Էներգետիկայի նախարարը երեկ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ աննպատակահարմար է «Նաիրիտ»-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը: Պատգամավորը, սակայն, պնդում է իր առաջարկը:

Այսօր այնպես է ստացվել, որ Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում գրանվցած «Ռայնովեր Փրոփերթի Լիմիթեդ» ընկերության մեքենայությունների արդյունքում հենց «Նաիրիտ» գործարանն է պատասխանատու «Ռայնովերի» բոլոր վարկերի համար: Ի դեպ` 2006-ին գործարանը գնելիս «Ռայնովեր» ընկերությունը նույնիսկ գումար չի ներդրել գնումն իրականացնելու համար: Փոխարենը` «Նաիրիտ»-ը գրավադրել է ԱՊՀ Միջպետական բանկում եւ ստացված 70 միլիոն ամերիկյան դոլարից նոր միայն վճարել 39 միլիոնը: Մնացած գումարը հայտնի չէ, թե ուր է: Իսկ «Նաիրիտ»-ը այսօր դատական քաշքշուկների մեջ է Միջպետական բանկում ձեւակերպված վարկերի համար: Դատական նիստերից մեկն էլ նշանակված է մարտի 11-ին: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի համար շատ դրվագներ բացահայտումներ էին:

Որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, սակայն, Վարդան Այվազյանը դեմ է «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն: Խորհուրդ է տալիս դիմել իրավապահ մարմիններին: Այս բոլոր բացահայտումները, հնարավոր է, հիասթափեցնեն «Ռոսնեֆտ»-ին, որի հետ ընթանում են լուրջ բանակցություններ «Նաիրիտ»-ի շուրջ:

Երկարատեւ քննարկումից հետո Տնտեսական հանձնաժողվը դրական եզրակացություն չտվեց «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով ստեղծելու առաջարկը մտցնել առաջիկա քառօրյայի օրակարգ: Արծվիկ Մինասյանը լրագրողներին հայտնեց, որ պատրաստվում են դիմել հանձնաժողովի նախագահին՝ այս հարցի արտահերթ լսումների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button