ԿարևորՄիջազգային

Ուկրաինան՝ քաղաքացիական պատերազմի նախաշեմին.կա 18 զոհ

Փետրվարի 18- ի երեկոն Կիեւի կենտրոնում դարձավ ամենաարյունոտը քաղաքական դիմակայության ողջ ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով  երկրի առողջապահության նախարարությանը, նախօրեին տեղի ունեցած անկարգությունների պատճառով  մայրաքաղաքում սպանվել է առնվազն 18 մարդ՝ 11 ցուցարարներ եւ 7 իրավապահ: 221 մարդ դիմել է բուժօգնությա, 114-ը հոսպիտալացվել են:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդդիմությանը կոչ է արել փոխզիջման գնալ և բանակցությունների սեղանի շուրջ նստել՝ հանուն երկրի ապագայի, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը: «Ես չեմ ցանկանում պատերազմել: Ցանկանում եմ պահպանել պետությունը», — հայտարարել է Յանուկովիչը: Նախագահի գնահատականով՝ ընդդիմությունն անցել է սահմանը` մարդկանց զենք առնելու կոչ անելով, և ժամանակն է, որպեսզի անջատվի արմատական ուժերից ու բանակցի: Մյուսներին նա սպառնացել է դատարանով: Ընդգծելով իր դերը որպես Սահմանադրության ու խաղաղության երաշխավոր` նա նշել է, որ ընդդիմությունը ոտնահարում է ժողովրդավարության հիմնական սկզբունքները: Յանուկովիչը նշել է, որ ընդդիմության առաջնորդներն իշխանություն կստանան միայն այն դեպքում, եթե ժողովուրդը վստահի նրանց: Նրա գնահատականով` իրենք արդեն չափազանց բարձր գին են վճարել: Նա ցավակցել է «հիմար կոնֆլիկտի» զոհերի հարազատներին:

Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ իր երկիրը հենց Յանուկովիչին է պատասխանատու համարում երեկ կատարվածի համար:

Այսօր առավոտյան 4-ից Ուկրաինայի իրավապահները շարունակել են գրոհը ցուցարարների վրա. նրանք ձայնային նռնակներ ու ջրաշիթեր են կիրառել: Ընդդիմադիրները շարունակում են անվադողեր այրել և պատասխանել Մոլոտովյան կոկտեյլներով:

Ցուցադրել ավելի
Back to top button