ԿարևորՄիջազգային

Ուկրաինայում սգո օր է հայտարարված

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ընդդիմությանը կոչ է արել զերծ մնալ արմատական գործողություններից

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ընդդիմությանը կոչ է արել զերծ մնալ արմատական գործողություններից և նստել բանակցային սեղանի շուրջ: Նա ընդդիմությանը կոչ է արել փոխզիջման գնալ և ընդհանուր լեզու գտնել՝ հանուն երկրի ապագայի: «Ես ուժի կիրառումը միշտ համարել եմ սխալ մոտեցում: Կա ավելի լավ ու արդյունավետ միջոց՝ ընդհանուր լեզու գտնել: Փոխզիջման գնալ: Պայմանավորվել: Ես արդեն մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ նման դեպքում մի քիչ կորցնում է իշխանությունը, կորցնում է նաև ընդդիմությունը, սակայն շահում է Ուկրաինան»,-նշել է Յանուկովիչը: Նախագահի խոսքով՝ ապագա սերունդներն իրենց չեն ների, եթե իրենք կործանեն պետությունը:

Հիշեցնենք՝ զանգվածային փողոցային անկարգությունները Կիևում վերսկսվել էին երեկ՝ Գերագույն ռադայի նիստի օրը, որի ժամանակ ընդդիմությունը պահանջել է վերադարձնել 2004-ի Սահմանադրությունը, որը նախատեսում է խորհրդարանա-նախագահական կառավարման ձև:

Սգո օր է հայտարարված

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրամանագրով փետրվարի 20-ը սգո օր է հայտարարված: Երեկվանից սկիզբ առած իրադարձությունների զոհերի մասին տեղեկությունները դեռևս հակասական են. պաշտոնական աղբյուրները հաղորդում են 25 զոհի մասին, զոհվել են և ոստիկաններ, և ցուցարարներ: Այսօր Ռուսաստանի ներքին զորքերի հրամանատարը հայտարարել է, որ 5 ծառայողներ զոհվել են գլխին և վզին դիպուկահարների արձակած կրակոցներից:

Աշխարհի առաջատար երկրների ղեկավարները քննադատում են

Աշխարհի առաջատար երկրների ղեկավարները, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի առաջնորդները ցուցարարներին և իրավապահ մարմիններին կոչ են արել անհապաղ դադարեցնել բռնության նոր բռնկումը: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ընդդիմության առաջնորդներին ու կառավարությանը կոչ է արել անհապաղ ելք գտնել խորացող ճգնաժամից: Յանուկովիչի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը պահանջել է հատուկ ջոկատայիններին դուրս բերել Կիևի փողոցներից և առավելագույն զսպվածություն դրսևորել: Բայդենը նշել է, որ ցուցարարների մտահոգությանը պատասխանելու համար անհրաժեշտ է երկխոսություն ընդդիմության ղեկավարության հետ և քաղաքական բարեփոխման առաջարկների մշակում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն էլ իր հերթին ասել է. «Ես լրջորեն անհանգստացած եմ բռնության վերսկսմամբ և Կիևում մարդկանց մահվան մասին հաղորդագրություններով: Կոչ եմ անում բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից և շտապ կարգով վերսկսել երկխոսությունը, մասնավորապես՝ խորհրդարանական գործընթացի ուղով»:

Բրյուսելում հրավիրվել է արտահերթ նիստ

Եվրամիության արտգործնարարները վաղը Բրյուսելում հրավիրել են արտահերթ նիստ. օրակարգի գլխավոր թեման Ուկրաինայում տիրող իրավիճակն է, հայտնել Եվրամիության դիվանագիտության ղեկավարի մամուլի խոսնակ Մայքլ Մեննը:

Ցուցադրել ավելի
Back to top button