ԿարևորՄշակույթ

Այսօր ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրն է

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Որն է Թումանյանի մեծության նախանշանը։ Երևի այն, որ այս հմուտ , հանճարեղ լոռեցին մտնում է հայի հոգու, սրտի և մտքի մեջ, երբ նա դեռ թոթովախոս երեխա է և ուղեկցում է նրան մինչև ծերություն և մահ։ «Չախչախ թագավոր»-ից, «Մի կաթիլ մեղր»-ից մինչև իմաստության «Քառյակները», մինչև «Դեպի անհունը»։ Հայ բանի ու բառի քաղցրությունը տասնյակ սերունդներ թումանյանով են զգացել»,-գրում էր Գուրգեն Մահարին Հովհաննես Թումանյանի մասին։ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:

Ինչպես են ծնվում բանաստեղծները։ Երևակայեք, որ սրանից ուղիղ 100 տարի առաջ , Լոռու Դսեղ գյուղում , նույն գյուղի քահանա Տեր-Թադևոսի տան «օճորքի» տակ, փայտե օրորոցում ճոճվում է մի երեխա։ Մայրը գեղջկւոհի Սոնան է, մի կատարյալ սարի աղջիկ։ Իսկ Տեր Թադևոսը ազնիվ մարդ էր ու ազնվական, մարդասեր էր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան…Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող…։ Էս հրացանաձիգ ու ձի նստող քահանան է եղել սրանից 100 տարի առաջ օրորոցում պառկած Օհաննեսի հայրը։ Ինչ կդառնար Օհաննեսը, եթե ուսում չառներ նախ Ջալալօղլիում, հետո Թիֆլիս չընկներ կամ Թիֆլիս ընկներ որպես Գիքոր։ Նույն հարցը կարելի է տալ և Ղազարապատում ծնված Ավոյի և Գանձայում ծնված Վահանի մասին, բայց երբ ի ծնե բանաստեղծըբանստեղծ է դառնում և տեր է դառնում կենսագրության, կարդալով նրա կենսագրությունը, տեսնում ես, որ այնպես է դասավորվում կյանքը, որ նա կոչված էր, և ուզեր-չուզեր պիտի դառնար այն, ինչ որ դարձավ՝ այս դեպքում՝ Հովհաննես Թումանյան:

Լոռեցի էս գյուղացին իր ժամանակի ամենից «մոդեռն» բանաստեղծն է եղել։ Ճիշտ է, մի տեղ նա տրտնջում է տեխնիկայի դեմ, մորմոքվում է, որ երկաթուղի անցակացրին Լոռու ձորերում, անտառները փչացրին, պախրաներին փախցրին…բայց նա սիրել է տեխնիկան։ Փոքր, համարյա աննշան բան է, բայց բնորոշ. Թումանյանը լուսանկարչական ապարատ է ունեցել։ Դսեղում է լուսանկարել է Խրիմյան Հայրիկին՝ ձիու վրա։ սիրել է տեխնիկան։ Մի տեղ էլ հպարտացել է.«Տելեֆոն էլ ունենք»։

Թէր սիրում կեղծիքը։ Իսկ ով է այն հերոսը, որ կասի՝ ես սիրում եմ կեղծիքը։ Ամեն մարդ խոսում է անկեղծության անունից։ թումանյանի անկեղծությունը անկեղծ է։ Կեղծավորության, կեղծիքի դեմ գրած նրա բազում հոդվածներից մեկը նա վերնագրել է ՝ «Անկեղծ չենք» և ոչ թե «Անկեղծ չեք»։ Չի սրբանում, կուրծք չի ծեծում, նա, իր խոսքերով, այն «յոթերորդը» չէ, «որ ը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու»։ «Անկեղծ չենք»։ «Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, բայց գարշելի է կյանքում»,-գրում է Թումանյանը։

Տասը երեխա է ունեցել մեր հմուտ լոռեցին և հայտնի է, որ եղել է սիրող հայր։ Ամեն բառի մեջ մի աշխարհ տեսնողը, դժվար չէ ենթադրել, որ ամեն երեխայի մեջ քանի աշխարհ է տեսել։ «Էսպես էլ բան կլինի, չեմ կարող ապրել առանց երեխաների»,-գանգատվում է Թումանյանը նամակներից մեկում։

Թումանյանի հումորը։ Նրանք փայլում են Թումանյաի գրվածքներում և հատկապես նամակներում ու հոդվածներում մարգարիտների պես։ Եկել է Աբասթուման հանգստանալու։ Տանտիրուհի Շուշանն էլ նրա ճաշ պատրաստողը։ «Շուշանը սաստիկ տաք կպավ գործին,-գրում է նա,-այնպես սկսեց կերակրել ինձ ու իր ճուտերին, որ ճուտերը հիվանդացան, բայց ես կարողացա դիմանալ…»։

Որն է Թումանյաի մեծության նախանշանը։ Երևի այն, որ այս հմուտ , հանճարեղ լոռեցին մտնում է հայի հոգու, սրտի և մտքի մեջ, երբ նա դեռ թոթովախոս երեխա է և ուղեկցում է նրան մինչև ծերություն և մահ։ «Չախչախ թագավոր»-ից, «Մի կաթիլ մեղր»-ից մինչև իմաստության «Քառյակները», մինչև «Դեպի անհունը»։ Հայ բանի ու բառի քաղցրությունը տասնյակ սերունդներ թումանյանով են զգացել։

Թումանյանի ամբողջ ստեղծագործության, նրա չափածոյի, արձակի, հոդվածների ու նամակների վրա սավառնում է մի լավատես, կենսահաստատ, օլիմպիական վսեմ շունչ։ Այս է, որ կոչվում է Թումանյանի աշխարհը։ Այստեղ կա և դառնություն, և ցավ, և հայոց վշտի ծովում լողացող մի տառապող հոգի, նախապաշարումներից խելագարված Սաքո ու սիրուց խելագարված Անուշ, մեծ քաղաքի հիվանդանոցում մոմի նման մարող Գիքոր, և Գառնիկ ախպեր, և Առյուծ Մհեր, հարսանիք ու մենամարտ, եղեռն ու հոգեհանգիստ։

Ցուցադրել ավելի
Back to top button