ԿարևորՀասարակություն

Սեյրան Օհանյան. «Առավել ուշադիր վերաբերմունք պետք է ցուցաբերել զինվորների առողջության նկատմամբ»

ՀՀ զինված ուժերի զորամասերում փետրվարի 17-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկել է ձմեռային ուսումնական փուլը: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ հինգերորդ բանակային զորամիավորում է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել բանակային զորամիավորման զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին: Շնորհավորելով զինծառայողներին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ զորամիավորումն իր առջև դրված խնդիրները կկատարի պատվով և լավ հիմքերի վրա դրված ուսումնական գործընթացը շարունակական ու հաստատուն ընթացք կունենա:

Անձնակազմի հանդիսավոր քայլերթից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ի. Մաթևոսյանի ուղեկցությամբ շրջել է զորամասում, ծանոթացել զինվորների և սպայական կազմի զորանոցային պայմաններին, տվել ցուցումներ: Զորամասի բուժկետում Ս. Օհանյանը ծանոթացել է զինծառայողների առողջական վիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ և ընդգծել, որ առավել ուշադիր վերաբերմունք պետք է ցուցաբերել զինվորների առողջության նկատմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button