ԿարևորՀասարակություն

«Նրանց տուն է պետք» լուսանկարների ցուցահանդես`ՄԱԿ-ում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր բացվել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության կողմից կազմակերպված «Նրանց տուն է պետք» լուսանկարների ցուցահանդեսը: Խոսքը վերաբերում է աշխարհացունց երկրաշարժից տուժած Գյումրու անօթևան մարդկանց: Լուսանկարների հեղինակը գյումրեցի երիտասարդ Հայկ Բարսեղյանն է, ով փորձել է իր նկարների միջոցով ևս մեկ անգամ պետական այրերի ուշադրությունը սևեռել նրանց սոցիալական խնդիրների վրա, ովքեր մինչ օրս ապաստանում են ժամանակավոր տնակներում:

Այդօրինակ ընտանիքների գորշավուն օրը ֆիքսել է գյումրեցի երիտասարդ Հայկ Բարսեղյանի ֆոտոխցիկը և այսօր անօթևանների իրականությունը ցուցահանդեսով ներկայացրել հանրությանը: Գյումրու երկրաշարժը վերապրած մարդկանց առօրյան լուսանկարելու ժամանակ ոչ մի խոչընդոտի չի հանդիպել: Անտունների նպատակն է հանրությանն ականջալուր դարձնել իրենց խնդիրներին: Ցուցահանդեսն առնչվում է Հազարամյակի զարգացման նպատակներին, որն է վերացնել ծայրաստիճան աղքատությունն ու սովը: ՄԱԿ-ի հանրայի տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարի Դոցենկոն քաջալերում է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության ջանքերը` հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին:

«ՀՀ կառավարության և միջազգային համայնքի աջակցությամբ երկրաշարժի հետևանքները վերացնելու ուղղությամբ շատ քայլեր են կատարվել, քանդված քաղաքաների տարածքներում կառուցվել են բազմաթիվ, դպրոցներ, մանկապարտեզներ և այլ ենթակառուցվածքներ, սակայն հենց Գյումրիում շուրջ 4000 ընտանիք ապրում է ժամանակավոր կացարաններում և այս նախաձեռնությունը ողջունելի է: Կոչ եմ անում բոլորին օգնել երկրաշարժից տուժածների ընտանիքներին»:

Քանի դեռ Գյումրին ձերբազատված չէ տնանկներից, երկրաշարժը շարունակվում է, նշեց Գյումրու փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը: 2010-2012 թվականներին հանրապետության երկրորդ քաղաքում շահագործման է հանձնվել մոտ 2750 բնակարան: Այս տարի էլ նախատեսվում է հանձնել ևս 450-ը, սակայն այս դեպքում էլ դեռ 2000 տնանկ կմնա, ասում է փոխքաղքապետը: «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանի ձևակերպմամբ` մարդու արժանապատվությունը սկսում է այնտեղից, որտեղ նա ապրում է: Հայերի համար տունն ամեն ինչ է, իսկ տուն չունենալը ծայրահեղ աղքատություն:

Հոկտեմբերին կազմակերպիչները նախատեսում են կազմակերպել 2-րդ ցուցահանդեսը, որտեղ ակնկալում են ցուցադրել արդեն տնով ապահովածների լուսանկարները:

Ցուցադրել ավելի
Back to top button