ԿարևորՔաղաքական

Հետընտրական պայքարի թափը չի կոտրվել, լիցքերը չեն մարել. Րաֆֆի Հովհաննիսյան

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Հայաստանում նախագահական ընտրություններ էին: Տարեկան ուղերձով այսօր իր համակիրներին է դիմել ընտրությունների արդյունքով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգություն» կուսակացության առաջնորդը հետահայաց գնահատել է անցած մեկ տարին, խոսել է քաղած դասերի մասին, նաև առաջիկա քայլերի, իր ձևակերպմամբ, ճանապարհային քարտեզն է ներկայացրել: Իրենց հաշվարկներում վրիպել են բոլոր նրանք , ովքեր շտապել են «Ժառանգության» դամբանականը հյուսել ՝ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանն ու վստահեցրել, որ կուսակցությունն այս ընթացքում ոչ թե լքել է քաղաքական դաշտը, այլ ուժ է հավաքել: «Ժառանգության» առաջնորդը խոսել է նաև սահմանադրական հեղափոխության ու միացյալ հրապարակի մասին:

«Բարև Հայաստան: Ձեզ լիքը կարոտել եմ, և սրանից հետո այլևս թույլ չեմ տալու, որ այսքան կարոտենք իրար»:

Այսպես, խոստումով ու ավանդական բարևով սկսեց իր համակիրներին ուղղված խոսքը կամ ազգային տարեկան ուղերձը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը: Նման ուղերձով ներկայանալու առիթը անցած տարի այս օրը տեղի ունեցած նախագահական ընտրություններն էին: Մոտ մեկ ժամանոց ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց հետահայաց գնահատել այդ մեկ տարին. պատասխանել իր իսկ թվարկած հարցերին. որտե՞ղ է սայթաքել «Ժառանգությունը», ի՞նչ է շահել ու կորցրել այս մեկ տարվա ընթացքում, ի՞նչ է առաջարկում հանրությանն ու քաղաքական դաշտին և վերջապես ո՞րն է առաջիկա քայլերի զինանոցը: Մինչ այդ՝ «Ժառանգության» առաջնորդը նախ վստահեցրեց. «Ժառանգությունը և ազատ, անկախ Հայաստանի մյուս զրահակիցները չեն լքել մարտադաշտը: Այս փոքրիկ հանգրվանը ուժ ու ծավալ հավաքելու, ավելի զորեղանալու համար է, քանի դեռ խոչընդոտը հաղթահարված չէ»:

Հետընտրական պայքարի թափը չի կոտրվել, լիցքերը չեն մարել՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, նշեց, որ իրենց հաշվարկներում վրիպել են այն գործիչները, ովքեր շտապել են հյուսել « Ժառանգության» դամբանականը: Ժառանգությունը չի պատրաստվում լքել իր դիրքերը՝ վստահեցրեց առաջնորդը, իսկ նեքրին ու արտաքին քաղաքականության ոլորտներում իրավիճակը գահավիժում որակեց:

«Փորձո՞ւմ ենք մենք միասնաբար հաղթահարել այս ապատիկ վիճակը, թե՞ սպասում ենք, որ ինչ-որ մեկը դա անի մեր փոխարեն: Իմ ակրծիքով ՝ մեր պայքարի բուն խորհուրդը դա էր. մի հոգու գործ չէ, ազգի գործն է և հաջորդ անգամ ազգովի պատրաստ ենք լինելու»:

Հովհաննիսյանը թվարկեց նաև այն 7 դասերը, որոնք «Ժառանգությունը» քաղել է 2013-ի փետրվարի 18-ից հետո: Անցած տարի այս օրն, ի դեպ, ըստ նրա, ժողովրդի կայացրած իրական վճռի ամրագրումից մեզ մի մազաչափ հեռավորություն էր բաժանում: Խոսելով դասերի մասին` Հովհաննիսյանը նշեց, թե թյուր է համոզմունքը, որ ոչինչ փոխել հնարավոր չէ:

«Հնարավոր է: Անցած փետրվարին մեր ժողովրդի  կայացրած իրական որոշման ամրագրումից մեզ մի մազաչափ էր բաժանում: Ընդամենն անհրաժեշտ էր, որ ընտրական հանձնաժողովներում ընդգրկված գոնե ընդդիմադիր քաղաքական ուժերի անխտիր բոլոր ներկայացուցիչները՝ նաեւ մերը, իրենց պարտականությունները կատարեին ազնվորեն, օրենքով սահմանված պատասխանատվության ծիրում, բայց ավաղ, բազմաթիվ մարդիկ գնացին մեղսակցության»:

Ըստ Հովհաննիսյանի` 2013-ի փետրվարին «ժողովրդի վճռական ոգին առկա էր, սակայն առկա չէր այն ամրագրելու առարկայական ոգին»: Ծով ցանկությամբ հանդերձ` ազգովին պատրաստ չէինք՝ նկատեց: Ժառանգությունը ժամանակին կոչ էր անում իջեցնել կուսակցական դրոշները եւ ստեղծել համընդհանուր քաղաքացիական ճակատ: Այսօր վերահաստատում է այդ կոչը՝ կոսոլիդացիան պայքարի միակ արդյունավետ միջոցն համարելով:

Ապագա անելիքը և օրվա հրամայականը Րաֆֆի Հովհաննիսյանը սահմանադրական հեղափոխության իրականցումը համարեց: «Անմիջական հրամայական է դարձել մեր ժողովրդի օրինավոր մեծամասնության հետ մեկտեղ իրականացնել սահմանադրական հեղափոխություն՝ քաղաքական եւ քաղաքացիական շահագրգիռ ուժերի ամենալայն մասնակցությամբ»:

«Ժառանգության» առաջնորդը նաև այդ հեղափոխությունն իրականացնելու ժամկետներ նշեց: «Մինչեւ վերածննդի ապրիլի 9-ը»:

Այս նշումից հետո նաև պարզաբանեց. հասկացեք ուղղակի կամ փոխաբերական իմաստով: Հավաքի մասնակիցների ու լրագրողների հարցերին « Ժառանգության» առաջնորդն այսօր չպխատասխանեց: Խոստացավ բոլոր հարցերին անդրադառնալ առաջիկա մամուլի ասուլիսի ընթացքում:

Ցուցադրել ավելի
Back to top button