ԿարևորՔաղաքական

Հեղինե Բիշարյան.Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը ՕԵԿ-ը չի միանա

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Գազի խնդրով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու կոալիցիոն ուժերի առաջարկում ներառվել են բոլոր այն հարցերը, որոնք կան այսօր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր վստահեցրել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի կողմից արված համանման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ առաջարկությունը մերժելուն` Բիշարյանը շեշտել է, որ հակառակվելու խնդիր չկար, պարզապես` ժամանակ էր պետք եւ կոալիցիան քննարկել ու առավել մանրամասնել է գազի հետ կապված խնդիրները, որպեսզի բաց տեղ չմնա: Պետք է ողջունել, որ կոալիցիոն քաղաքական ուժերն էլ են եկել այն մտքին, որ այո, պետք է քննարկվի եւ հանրությանը տրվի պարզունակ պատասխաններ` նշել է ՕԵԿ խմբակցության ղեկավարը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը փոխանցեց, որ բոլոր քաղաքական ուժերն ուրբաթ օրը կրկին խորհրդակցություն կանցկացնեն ԱԺ նախագահի մոտ, որից հետո գազի հարցով հանձնաժողովը կսկսի գործել` ընդգրկելով ներկայացուցիչներ բոլոր քաղաքական ուժերից:
«Որպեսզի մենք կարողանան հանրության մոտ առաջացած այդ դժգոհությունները կամ կասկածները փարատենք»:

ՕԵԿ խմբակցության ղեկավարի փոխանցմամբ` նախատեսված է, որ հանձնաժողովը կաշխատի մինչեւ նոյեմբեր ամիսը: Ըստ Բիշարյանի` սկզբունքորեն այս նախագծով առաջարկվում է, որ հանձնաժողովում 4 ներկայացուցիչ լինի ՀՀԿ-ից, մեկական ներկայացուցիչ` մյուս ուժերից: Բիշարյանը վստահեցրեց, թե` չի լինի որեւէ մտահոգող հարց, որն անպատասխան մնա հանրության համար:

Անդրադառնալով խորհրդարանական 4 քաղաքական ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանն ու հարցի վերաբերյալ ՕԵԿ-ի դիրքորոշմանը` Հեղինե Բիշարյանը հիշեցրեց, որ ՕԵԿ-ը կնքել է կոալիցիոն պայմանագիր եւ, ՕԵԿ խմբակցության ղեկավարի բնութագրմամբ, որպես սկզբունքային քաղաքական ուժ հավատարիմ է մնալու իր սկզբունքներին:

Որեւէ մեկը հակառակ կարծիք չի հայտնում, որ երկրում իսկապես կան բազմաթիվ չլուծված խնդիրներ` հավելեց Հեղինե Բիշարյանը: Նա նաեւ շեշտեց, թե խնդիրներն ավելի արագ են աճում, քան կառավարությունն է քայլեր կատարում:

Պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի մասին էլ Բիշարյանը դրական արտահայտվեց: «Անբեկանելի փաստ է, որ այն շատ լավ բան է»,-ասաց օրինացերկրական պատգամավորը` հորդորելով համբերությամբ լցվել երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու գործում: Պարտադիր բաղադրիչն էլ ՕԵԿ-ի համար ընդունելի է, քանի որ, Բիշարյանի ձեւակերպմամբ, ռեֆորմները պիտի լինեն ագրեսիվ` համարձակ, որպեսզի հնարավոր լինի դրանք իրականություն դարձնել:

Ցուցադրել ավելի
Back to top button