ԿարևորՔաղաքական

Իրաքը շահագրգռված է հնարավոր բոլոր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ.ԱԳ նախարարի այցը Իրաք

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով փետրվարի 16-ին այցելել էր Բաղդադ։ Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրաքի վարչապետը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է հնարավոր բոլոր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ և ընդգծել, որ դրա համար առկա է մեծ ներուժ։

Իրաքի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկել են երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևրատնտեսական, կրթական, առողջապահության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության խթանման, Հայաստանի և Իրաքի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորվել միջկառավական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է վարչապետ Ալ-Մալիքիին Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնադրելու մտադրության մասին։ Ինչպես նաև Իրաքի քաղաքացիների համար Հայաստանի մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման՝ հրավերի պահանջը հանելու վերաբեյալ ՀՀ կառավարության որոշման մասին:

Երկուստեք գոհունակությամբ նշել են, որ վերջին չորս տարիների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մի քանի անգամ աճել է և արդեն կազմում է մոտ 80 մլն ԱՄՆ դոլար։

Անդրադառնալով իրաքահայ համայնքին` Նուրի Ալ-Մալիքին ասել է. «Հայերը դարերով աշխատել և արարել են Իրաքում, իրենց նպաստը բերել երկրի զարգացմանը և այսօր էլ, չնայած բարդ իրավիճակին, իրաքահայությունը շարունակում է աշխատել հանուն Իրաքի բարգավաճման»։

Նախօրեին Բաղդադում կայացել է Հայաստանի և Իրաքի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Հոշիար Զեբարիի բանակցությունները։

«Վերջին տարիներին երկու արտգործնախարարները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, ձեռք բերվել պայմանավորվածություններ, որոնց համաձայն մենք հստակ քայլեր կատարեցինք համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու նպատակով և այսօր ականատես ենք լավ արդյունքների՝ դեսպանությունների վերաբացում, ակտիվ գործող միջկառավարական հանձնաժողով, միմյանց սատարում միջազգային կազմակերպություններում, առևտրաշրջանառության շեշտակի աճ»,- ասել է Իրաքի արտգործնախարարը։

Նախարարների հանդիպմանը անդրադարձ է արվել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների։

Նախարար Նալբանդյանն այցելել է Իրաքում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել Իրաքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղքականության հիմնական ուղղությունները, երկրում իրականացվող բարեփոխումները, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով ձեռնարկող քայլերը, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Ցուցադրել ավելի
Back to top button