ԿարևորՀասարակություն

Բանաստեղծ.«Գիրք նվիրելու օրը վերածվել է հանրային իրադարձության»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր: Բանաստեղծ Կարեն Անտաշյանն ու գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանն այսօր վստահեցրել են, որ գիրք նվիրելու օրը տարեց տարի ավելի մեծ հետաքրքրություն է ստանում և վերածվում հանրային իրադարձության, ինչի ականատեսը կլինենք նաև վաղը, քանի որ տոնին լրջորեն նախապատրաստվում են հայաստանյան մի շարք հրատարակչություններ և գրախանութներ: «Մնում է հույս հայտնել, որ գիրք նվիրելու ավանդույթն աստիճնաբար կվերածվի նաև գիրք ընթերցելու ավանդույթի»,-այսօր նշել են բանախոսները:

Մի կողմում՝ չընթերցող հասարակություն, մյուս կողմում ՝ ընթերցասեր հասարակության դժգոհությունը՝ որակյալ գրականության ու գրախանութների բացակայության վերաբերյալ: Գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանը ներկայացնում է Հայաստանում առկա պատկերը ընդամենը 4-5 տարի առաջ: Ժամանակակաից գրականության մի խումբ ներկայացուցիչներ հենց այդ մթնոլորտում էլ հիմնեցին «Գրանիշ» ստեղծագործական ակումբը և կայքը՝ հայ ժամանակակից գրողին առավել ճանաչելի դարձնելու, հրատարակչություն-գրող-ընթերցող կապն ամրապնդելու առաքելությամբ:

««Չկա»-ի տրամաբանությամբ պնդումներին այսօր արդեն կարող ենք հակադարձել բաց ճակատով: Կարճ ժամանկահատվածում մենք կարողացանք քաղել աշխատանքի պտուղը»,-ասում է ակումբի անդամ Արքեմնիկ Նիկողոսյանը: Նրա պնդմամբ գրական ոլորտում վերջին տարիներին լուրջ առաջընթաց կա, ասածը հիմնավորելու համար փաստեր է ներկայացնում.«Այսօր կան բազմաթիվ գրողներ համագործակուցում են հրատարակչությունների հետ, որոնք մեծ գումարներ են ներդնում գրքի տպագրության մեջ: Հայ գրողն այսօր տարեկան նվազագույնը 100 գիրք է վաճառում, ինչը Հայաստանի համար փոքր ցուցանիշ չէ»:

«Ժամանակակից գրքի ու գրողի հանդեպ այսօր մեծ հետաքրքրություն կա, ինչը զգաստության է մղում թե’ գրողին, թե’ հրատարակչին: Ըստ Արքեմնիկ Նիկողոսյանի թարգմանչական գրատպությունն այսօր զարգանում է: Կարևորում է այն փաստը, որ գրքերը թարգմանվում են հեղինակային իրավունքների պահպանմամաբ և բնագրից: Չափազանց մեծ տարածում է ստանում էլետրոնային գիրքը, ինչի շնորհիվ ըստ նրա «չկա» բառն այս ոլորտում պարզապես չկա:
Բանաստեղծ Կարեն Անտաշյանի բնորոշմամբ` Հայաստանում այսօր ձևավորվում են գրական շուկայի կայացման սաղմերը: «Պատշաճ կերպով ներկայացնելն է խնդիրը»:

Ըստ Անտաշյանի` որակական մեծ փոփոխություների մասին խոսելն իհարկե վաղ է, քանի որ սոցիալական խնդիրները հասարակությանը ետ են մղում ու պարտադիր սպառման ապրանքների ցանկում գիրքն առայժմ բացակայում է, բայց առաջին քայլն արված է և սա չափազանց կարևոր է: Գիրք նվիրելու օրվան ընդառաջ գրողն ու գրականագետն այսօր խոսեցին նաև վաղը կայանլիք միջոցառումների մասին: Հայաստանյան մի շարք հրատարակչություններ և գրախանութներ տոնին նախապատրաստվում են ամենայն լրջությամբ:

Տոնին ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել բազմաթիվ կազմակերպություններ: Ինչպես ձևակերպում է գրականագետ Նիկողոսյանը մոդեռնիզացիան աստիճանաբար մուտք է գործում նաև գրականության ոլորտ: Բանաստեղծ Կարեն Անտաշյանն էլ տեղին է համարում հիշեցնել անհայտ հեղինակի իմաստուն միտքը՝ «Աշխարհում գիրք ընթերցողները կառավարում են հեռուստացույց դիտողներին»:

Ցուցադրել ավելի
Back to top button