Հասարակություն

Ոստիկանապետը հանձնարարել է լուծել օտարված, սակայն ձևակերպումներ չստացած, տրանսպորտային միջոցների սեփականատերերի տուգանման խնդիրը

ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է փաստացի օտարված և համապատասխան ձևակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման  հարցում աջակցել քաղաքացիներին` տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և իրավական խորհրդատվություն:

Բացի այդ, ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է նաև շահագրգիռ կողմերի, մասնավորապես` ապահովագրական ընկերությունների, հասարարակական կազմակերպությունների, ինչպես և անհատ անձանց հետ ուսումնասիրել ԱՊՊԱ տեղեկատվական համակարգի, Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի համադրման արդյունքում կայացված որոշումների հիման վրա ի հայտ եկած ու տարիներ շարունակ փաստացի վաճառված, սակայն ձևակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների սեփականատերերի խնդիրը և կարճ ժամկետում ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ:

Տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել + 374 /10/ 564588 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ այսօր վաճառված, սակայն ձևակերպումներ չստացած, տրանսպորտային միջոցների սեփականատերերի տուգանման խնդիրը բաձրաձայնել է «Ավտովարորդների պաշտպանության լիգան» մամուլի ասուլիսի ժամանակ:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button