ԿարևորՀասարակություն

Գազի կալորիականության միասնական ստուգում անցկացնելն անհրաժեշտ է. քննարկում` «Հայռուսգազարդ»-ում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Բավականին ժամանակ է, ինչ զանգվածային լրատվամիջոցներում բարձրաձայնվում են գազի կալորիականության եւ դրա բաղադրության հետ կապված խնդիրների մասին: Այս հրապարակումներին միայն այսօր է անդրադարձել «Հայռուսգազարդ»-ը: «Հայռուսգազարդ»-ում խնդիրն այսօր քննարկվել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Սպառողների ազգային ընկերակցություն ՀԿ նախագահ Մելիտա Հակոբյանի փոխանցմամբ` իրենք բնակիչներից բազմաթիվ բողոքներ ստացել են: Առաջարկել են, որ համատեղ հանձնաժողով ստեղծեն եւ փորձաքննության ներկայացնեն գազի նմուշներ, սակայն, ըստ նրա, ահազանգող բնակիչները չեն ցանկացել: Մելիտա Հակոբյանն ինքը խնդիրը պարզապես կապում է ցուրտ ձմեռվա հետ: Ամեն դեպքում, նա առաջարկեց ստեղծել հանձնաժողով` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որպեսզի վերջապես հարցը պարզաբանվի, ինչը վստահության կարժանանա:

«Հայռուսգազարդ»-ի տնօրեն Վարդան Հարությունյանն ասաց, թե որեւէ խնդիր չի տեսնում ցանկացած տարածքում գազի չափումներ կատարելու, կալորիականությունը ստուգելու առումով: Սպառողների ասոցիացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն առաջարկեց գազը ուղարկել նաեւ այլ երկրների լաբորատորիաներ` տեղական եւ դրսի ստուգումների համեմատությամբ օբյեկտիվ գնահատական ունենալու համար:

ՀԿ ներկայացուցիչն ակնկալում էր, որ այս դեպում` նման փորձաքննություն անցկացնելու հարցում իրենց ֆինանսապես կաջակցի «Հայռուսգազարդ»: Վերջինիս ներկայացուցիչը, սակայն, շեշտեց, որ իրենք ինչ-որ բան ապացուցելու խնդիր չունեն: Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միության ներկայացուցիչ Ատոմ Սարգսյանի խոսքով` իրենք պաշտպանում են բաժանորդների շահերը: Նա, սակայն, կարծիք հայտնեց, որ աբսուրդ է այն պնդումը, թե գազին օդ կամ ազոտ են խառնում:

Նույնպիսի առաջարկով հանդես եկավ նաեւ Սպառողների աջակցման կենտրոնի նախագահ Աշոտ Միրզոյանը: Նա կարծում է, որ մեկ անգամ միասնական ստուգումներ անցկացնելուց հետո հնարավոր կլինի հարցն, ի վերջո, փակել: Քննարկումներում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչ Աբգար Բուդաղյանը նշեց, որ ստուգումներ պարբերաբար անցկացվել են, տվյալները հրապարակվել եւ ըստ դրանց` վերջին տարիներին` գազի կալորիականությունը ավելի բարձր է եղել, քան սովորաբար: Ապա, հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչն ավելացրեց. «Մենք որեւէ պատճառ չունենք հրապարակված տվյալներին չվստահելու» :

Հասարակական պաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Արամ Գրիգորյանի խոսքով, սակայն, կա ներկայացված տվյալների նկատմամբ վստահության պակասի խնդիր, որը պետք է համատեղ լրացնել: Նա կարծում է, որ դա պիտի անեն պետական համապատասխան մարմինները, եթե անգամ մեկ բնակչի բողոք է առկա: Չափագրության ազգային ինստիտուտի տնօրեն Վահան Սահակյանը վստահեցրեց, թե իրենց փորձագիտությունների անկախությունն ապահովված է: Որոշ ՀԿ-ների ներկայացուցիչների համար, սակայն, վստահեցումները բավարար չեն` արժանահավատության համար: Իրազեկ եւ պաշտպանված սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով` կան ավելի լուրջ հարցեր, օրինակ` գազի գնի ձեւավորում եւ այլն, ու, նրա խոսքով, դրանց պատասխանները չտված հանձնաժողով ստեղծելն անիմաստ է:

Մինչ քննարկումներն այս ընթացքով շարունակվում էին` Վահան Մարտիրոսյանը, որ ներկայացավ որպես Ներազգային ազատագրական շարժման ղեկավար, հիշեցրեց, որ գազի հետ կապված բացահայտումներն իրեն են պատկանում, ապա խոսքն ուղղելով «Հայռուսգազարդ»-ի տնօրենին հայտարարեց, թե չի եկել մասնակցելու «շուի», այլ` եկել է ասելու, որ «մի ողջ ժողովրդին ցրտի մատնելու գնով գերշահութներ ստացած «Հայռուսգազարդ»-ը չի մարսելու դա»: Հայտարարությանն ի պատասխան` «Հայռուսգազարդ»-ի տնօրեն Վարդան Հարությունյանը խորհուրդ տվեց դիմել դադախազություն, քանի որ հանցագործությունների մասին հայտարարություններ այնտեղ են տրվում:

Ցուցադրել ավելի
Back to top button