ԿարևորՀասարակություն

Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն էր: Այդ առիթով «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որը ղեկավարում է Հանրապետության նախագահի տիկինը, հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել էր արյունատվության ակցիա, որը շարունակվել է նաև այսօր: Երևանի Արյունաբանական կենտրոնում հավաքագրված արյունն անվճար կտրամադրվի հիվանդ երեխաներին: Կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշել է, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Եթե 2000-2001 թթ. տարեկան իրականացվում էր 6-7 հազար արյունատվություն, ապա 2010-ին կատարվել է մոտ 13 հազար արյունատվություն: «Այդուհանդերձ, մենք ունենք հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր»,-նշել է Արյունաբանական կենտրոնի տնօրենը՝ հորդորելով այս հարցում ավելի ակտիվ ու մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել:

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի առաքելությունը քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկությունն է: Փետրվարի 15-ին հիմնադրամի կազմակերպած արյունատվության հերթական ակցիային այսօր մասնակցում էին շոու բիզնեսի անվանի ներկայացուցիչներ, ոմանք՝ առաջին անգամ , ոմանք էլ՝ մշտական դոնորի կարգավիճակով: Հաղորդավար Եգոր Գլումովը ամենաակտիվ դոնորների թվում է. «Կես տարին մեկ հաստատ հանձնում եմ»:

Անհատույց դոնորությունն ազգային պատվի ու սեփական արյունը նվիրաբերելու մարդասիրական քայլ է, որը պետք է շարունակաբար քարոզվի, լուսաբանվի և խրախոսվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի անդամ, «Ռադիո Վան» ընկերության տնօրեն Շուշանիկ Արևշատյանի խոսքով, սա խորհրդային ժամանկաների այն լավագույն ավանդույթներից մեկն է, որը պետք անպայման վերականգնել:

Մոտ մեկ տարի առաջ բարեգքործական գաղափարը համախմբեց հասարակական ու մշակութային բազմաթիվ դեմքերի, որի արդյունքում ծնվեց «Նվիրիր կյանք» հիմնադրամին նվիրված «Արև ենք մենք» երգի տեսահոլովակը: Երաժտութայն հեղինակը հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակը մի փոքրիկի պատմություն է՝ տխուր , բայց երջանիկ ավարտով պատմություն, որն անտարբեր չի թողնում որևէ մեկին: Փետրվարի 15-ին մեկնարկած բարեգործական ակցիան շարունակվեց նաև այսօր: Տեսահոլովակում ընդգրված բազմաթիվ արվեստագետներ արյունատվության բարեգործական ակցիային այսօր մասնակցում էին նույն նպատակով՝ որպեսզի տխուր, բայց երջանիկ ավարտով պատմությունները հնարավորինս շատ լինեն:

Արյունաբանության կենտրոնի մանկական բաժանմունքում այս պահին գրանցված են մոտ 2500 երեխաներ, որոնցից 500-ն ակտիվ բուժվող հիվանդներ են և մշտապես ունեն արյան ներարկման կարիք: Շատ հաճախ հիվանդների հարազատներն ի վիճակի չեն հանձնել արյուն, սակայն դա չի նշանակում, որ հիվանդներն անհրաժեշտ բուժօգնություն չեն ստանում: Նման դեպքերում նրանց փոխներարկում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյունը: Ըստ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի` հանրապետությունում ունենք մոտ 20 հազար ակտիվ դոնորներ և նրանց թիվն աստիճանաբար աճում է, բայց հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիրը շարունակում է մնալ արդիական:

Ցուցադրել ավելի
Back to top button