Քաղաքական

Ռուսաստանի միգրացիոն նոր քաղաքականությունը կկանխի արտագաղթը, ասում է քաղաքագետը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Տարեսկզբից Ռուսաստանում սկսեց գործել խստացված միգրացիոն օրենսդրությունը: Շատերը այս փոփոխությունը կապում են Սոչիի օլիմպիադային ընդառաջ անվտանգության ապահովման նկատառումներով: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը չի կիսում այս կարծիքը։ Միգրացիոն նոր օրենսդրությունը մշակված է լավագույն խորհրդային ավանդույթով, այնքան խրթին է, որ բան չես հասկանում, խոստովանեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ այս փոփոխությունը կխթանի կոռուպցիան ռուսական պատկան մարմիններում: Արտագնա աշխատանքի մեկնողների համար սա անշուշտ, այսպես ասենք, չարեփոխում է։ Միգրացիոն նոր քաղաքականության արդյունքում տուժել են և մեր երկրի մոտ 170 հազար քաղաքացիներ: Նախօրեին հայտնի դարձավ, որ նրանք հայտնվել են մուտքի արգելքի «ռիսկային խմբում»: ՌԴ տարածքում գտնվելու ժամկետը լրանալու է և աշխատանքային գործունեության համար փաստաթղթերի բացակայության պատճառով, կախված թույլ տրված խախտումից, այս քաղաքացիները 3-ից 5 տարի չեն կարող մուտք գործել Ռուսաստան։

Մյուս կողմից՝ այս սահմանափակումները ունեն և դրական կողմ՝ մեր երկրից բնակչության արտագաղթի նվազման առումով: Գաղտնիք չէ, որ Հայաստանից մշտական բնակության են մեկնում հիմնականում Ռուսաստան: Ըստ ռուսական պաշտոնական տվյալների՝ ընդհանուր առմամբ այդ երկրում ապրում է 800 հազար միայն աշխատանքային ներգաղթյալ Հայաստանից: Արտագաղթը լուրջ մարտահրավեր է մեր երկրի համար և ամեն միջոցով կասեցման կարիք ունի, համոզված է Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը չբացառեց, որ նման խստացումներ և զարգացումներ կարող են հետևել այլ երկրներում: Նա կարևորեց մեր երկրում ներգաղթի համար նպաստավոր պայմանների ստեղծման  անհրաժեշտությունը: Որպես լավագույն օրինա բերեց Իսրայելի  և Թայվանի փորձերը։ 

Մաքսային միությանը մերձեցման գործընթացին զուգընթաց պետք է մշակվի և գործադրվի երկրի գիտաարդյունաբերական համարլիրի վերագործարկման և զարգացման համալիր ծրագիրը, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի կասեցմանը, հետագայում և ներգաղթին:

Ցուցադրել ավելի
Back to top button