Հասարակություն

Ուրմիային նվիրված գիտաժողովին կմասնակցեն նաեւ հայ մասնագետները

Ուրմիա լճի հիմնախնդրին նվիրված Թեհրանում անցկացվելիք միջազգային գիտաժողովին կմասնակցեն նաեւ հայ մասնագետները։ Նման համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ ԻԻՀ փոխնախագահ, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության նախագահ  տիկին Մասումե Էբթեքարի հետ հանդիպման ժամանակ։

Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին բնապահպանության ոլորտում երկու պետությունների միջև գործնական հարաբերություններն ամրապնդվել են և, որ   2011թ. ԻԻՀ նախագահի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում  ընդունված գործողությունների ծրագրով նախատեսված երկու պետությունների ընդհանուր սահմանում «Բարեկամության և խաղաղության այգի»  ստեղծելու գործընթացը մեկնարկել է:

ՀՀ բնապահպանության նախարարը հայտնել է, որ վերոհիշյալ նախաձեռնության իրագործման շրջանակներում հայկական կողմը Մեղրու սահմանամերձ տարածքներում արդեն նախատեսել և քարտեզագրել է 6 էկոլոգիական միջանցք, ծրագրվում է առանձնացնել միգրացիոն ուղիներ,  սահմանել համապատասխան պահպանության ռեժիմ, որը կապահովի  կենդանիների անարգել միգրացիան, ինչպես նաև նախադրյալներ ստեղծել այդ տարածքներում գիտական փոխգործակցության համար:

Նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է ԻԻՀ Էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու պետություններում այլընտրանքային էներգիայի զարգացման հեռանկարներին և Արաքս գետի աղտոտվածությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես՝ արձանագրվել է, որ 2005 թվականին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ստեղծված հայ-իրանական փորձագետների համապատասխան աշխատանքային խմբերը պարբերաբար արդյունավետ ուսումնասիրություն են իրականացնում` Արաքս գետի ջրի համատեղ և միաժամանակյա նմուշառման մշակված պլան-ժամանակացույցի և ջրի լաբորատոր ուսումնասիրության մեթոդաբանության համաձայն:

Ցուցադրել ավելի
Back to top button