ԿարևորՀասարակությունՏնտեսական

Մարդիկ կսկսեն ընկալել, երբ համակարգն աշխատի. ԿԲ փոխնախագահը՝ պարտադիր կուտակայինի մասին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն  ու սոցիալական ապահովության պետական ծառայությունը Ծաղկաձորում այսօր  դասընթաց- հանդիպում են կազմակերպել՝  նվիրված կենսաթոշակային բարեփոխումներին: Միջոցառումն իրականացվում  է  ԱՄՆ ՄԶԳ  կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ֆինանսավորմամբ: Բարեփոխումների ակունքում կանգնած պաշտոնյաները լրատվամիջոցների ներկայացուցիչներին այսօր էլ  մանրամասն  իրազեկել են դրա մասին, պատասխանել նրանց հուզող հարցերին։ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանից «Ռադիոլուրը» փորձել է պարզել՝ ինչպես են ակտիվների կառավարիչները  վերաբերում կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի  դեմ պայքրարող «ԴԵՄ ԵՄ» շարժման մասնակիցների գործողություններին:

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/02/150214toshak.mp3

Այս տարվա հունվարից Հայաստանում մեկնարկեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Ինչպես և ակնկալվում էր, ռեֆորմը միանշանակ չընդունվեց, ավելին՝ ստեղծվեց «Դեմ եմ>»  պարտադիր կենսաթոշակային համակարգին  ֆեյսբուքյան էջն ու «Դեմ եմ» շարժումը։ Պարբերաբար նրանց են միանում այս կամ այն ընկերության աշխատակիցներ,  ինչպես օրինակ, վերջին օրերին Երևանի մետրոպոլիտենի, Ալ.  Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի թատոնի աշխատակիցները: Թվարկումը կարելի է  շարունակել։

Հակառակ կողմում՝ կենսաթոշակային բարեփոխումների հեղիանկները, շարունակում են բնականոն հունով աշխատել: Ակտիվների երկու կառավարիչները՝ ֆրանսիական ու ավստրիական «Ամունդի ակբան» եւ «Ցե կվադրատ»  ընկերություներներն արդեն Հայաստանում են: Գաղտնիք չէ, որ աշխարհին հայտնի, հեղինակավոր կազմակերպությունները նույնպես տեղյակ են, որ Հայաստանում քաղաքացիների մի մասը, մեղմ ասած, դեմ է համակարգին:

«Ինչպե՞ս են նրանք վերաբերում «Դեմ եմ» շարժմանն ու վերջիններիս կողմից նախաձեռնվող քայլերին»,-  հարցրեցի ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին։ «Բոլոր ռացիոնալ մարդիկ՝ ներդրողները և մեր գործընկերները, հասկանում են, որ նման մասշտաբի բարեփոխումները, բնական է, կարող են տարբեր տեսակի իրավական և քաղաքական հակազդեցությունների ենթարկվել։ Բնականաբար՝ նաև ստանձնելով ռիսկը՝ մտնել երկիր, երկրի ռիսկն իրենք հասկանում են ու գնահատում են: Սա իրենց համար երկարաժամկետ ներդրում է և ոչ թե կարճաժամկետ հնարավորությունների հետևից գնալ։ Դրա համար մենք կարծում ենք, որ ակտիվների կառավարիչներն ըմբռնումով են մոտենում և հարգում են քաղաքացիական հասարակությունը»,- ասաց ԿԲ փոխնախագահը։

Զրուցակիցս քաղաքացիական շարժումը   բնական է համարում։ Ներսես Երիցյանի համար արդարացի չէ, երբ ասում են, որ բոլորն են դեմ բարեփոխումներին: Նա էլ է կիսում այն կարծիքը, որ գուցե իրազեկվածության խնդիր ունեն մեր քաղաքացիները։ «Վստահությունն է համակարգի նկատմամբ, կամ ավելի ընդհանրական են ասում, որը ես չեմ ընդունում՝ անվսատհություն պետության նկատմամբ, որովհետև պետությունը մենք բոլորս ենք։ Ես բնական եմ համարում, որ եթե մարդուն ասում ես, եկամուտիդ որոշակի տոկոսը վճարիր, բնական է որոշակի խնդիրներ պետք է առաջանան։ Մարդիկ այժմ վիճում են առաջին հերթին, որ իրենց տնօրինվող եկամուտները պակասում են»։

ԿԲ փոխնախագահը վստահ է՝ մարդիկ բարեփոխումներն ավելի լավ  կսկսեն ընկալել,երբ  համակարգն ավելի  առարկայական աշխատի, կտեսնեն, որ կուտակած  գումարներն  իրենց հաշիվներում կան, պետության գումարը տրվել է, իր հաշվին կուտակվել է, տոկոսն աշխատում է,  գումարը ոչ մի տեղ չի գնացել:

Ակտիվների կառավարիչներն առայժմ ըմբռնումով են մոտենում քաղաքացիական շարժմանը, այդուհանդերձ, հնարավո՞ր է, որ մի օր ակտիվների կառավարիչները զղջան, որ որոշել են Հայաստանում ներդրումներ կատարել։ «Եթե մենք իրենց հեղինակության ռիկսին հարվածենք, բնականաբար, կարող է, բայց այս պահի դրությամբ, կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է»։

Ցուցադրել ավելի
Back to top button