Քաղաքական

ԼՂՀ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական ազատ դաշինքի վեհաժողովին

Փետրվարի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, Արցախի  Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը մասնակցել է Եվրոպական ազատ դաշինքի (ԵԱԴ) 12-րդ վեհաժողովին:   Արցախի խորհրդարանի նախագահը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաք է ժամանել նախօրեին՝ ԵԱԴ քաղաքական ղեկավարության հրավերով:

Ինչպես  ԼՂՀ Աժ մամլո ծառայությունից են հայտնում, լիագումար նիստի քննարկումների ժամանակ, որը նվիրված էր մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, ԼՂՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ուղին, ընդգծելով, որ 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն կազմակերպվել և ընթացել է գործող օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերին  համապատասխան, որը կարելի է առաջին հաջողված դեպքը համարել Եվրոպայի տարածքում:

Եվրոպական ազատ դաշինքը Եվրոպական քաղաքական կազմակերպություն է, որը միավորում է քաղաքական ինքնիշխանության կամ իրենց երկրի ու տարածաշրջանի ինքնակառավարմանը ձգտող տարբեր եվրոպական կուսակցությունների։ Դաշինքը ինքնորոշման իրավունքի ջատագովներից է և պաշտպանում է իրենց ապագան տնօրինելու ժողովուրդների իրավունքը: Ինքնորոշման իրավունքն առանցքային տեղ ունի ԵԱԴ-ի ծրագրում և գաղափարախոսության մեջ։

Եվրոպական ազատ դաշինքի կազմում են մոտ 40 ազգային, տարածաշրջանային և ինքնավար կուսակցություններ Եվրամիության ավելի քան 17 երկրներից, որոնք ներկայացնում են պետականություն չունեցող ժողովուրդներին, Եվրոպայի ավանդական  փոքրամասնություններն ու տարածաշրջանները։ Այդ երկրների շարքում են Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան և այլն։ ԵԱԴ–ն ներկայացված է Եվրախորհրդարանում՝ 7 անդամով, որոնք Եվրախորդարանի թվով չորրորդ քաղաքական միավորի՝ Կանաչների խմբակցության մաս են կազմում։

Ցուցադրել ավելի
Back to top button