Քաղաքական

Ընդդիմությո՞ւն, թե՞ ոչ. ԲՀԿ- ն այսօրվա համագումարում էլ չկողմնորոշվեց

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ինչպես և հայտարարվել էր  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը դռնփակ էր, եւ առաջին նիստից հետո  ԲՀԿ  խմբակացության պատգամավորները հանդես եկան ճեպազրույցուվ: Չնայած ԱԺ- ում Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ բոլոր հարցերի  պատասխաները կտրվեն կայանլիք համագումարում իր ելութի ժամանակ, բայց լրագրողներն այսօր էլ հնարավորություն չունեցան հարցեր  ուղղել անձամբ Գագիկ Ծառուկյանին:

Լրագրողների հարցերին համագումարից հետո պատասխանեցին ԲՀԿ խմբակացության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և Վարդան Օսկանյանը։ Այս համագումարը այդպես էլ  չտվեց գլխավոր հարցի պատասխանը. ի վերջո ԲՀԿ-ն  համալրո՞ւմ է  ընդդիմության շարքերը, թե՞ ոչ։

«Մենք այդ կատեգորիաներով չենք առաջնորդվում, կուսակցությունն էլ իր գործունեությամբ արդեն թելադրում է, թե ինքը ինչպիսի դիրքորոշում է որդեգրում։ Գագիկ Ծառուկյանը իր ելույթում հստակ նշել է, որ երկրի առաջ բազմաթիվ խնդիրներ են ծառացել, կուսակցությունը իր իմաստը կկորցնի, եթե դրանք չբարձրաձայնի եւ այլընտրանքային լուծումներ չառաջարկի։ Հետեւաբար՝ ԲՀԿ-ի գաղափարախոսությունն է՝ լինել այլընտրանքային լուծումներ առաջարկող եւ դրա շուրջ համախմբել քաղաքական ուժերին»,- հայտարարեց Վարդան Օսկանյանը։

Համագումարից հետո հստակեցվեց մի բան. Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ Մաքսային միության անդամակցության որոշումը Հայաստանի համար  հետքայլ էր, ապա՝ դա ոչ թե կուսակցության  գնահատականն է, այլ՝ իր՝ որպես ԱԳ նախկին նախարարի, չնայած այն չի տարբերվում ԲՀԿ- ի տեսակետից: Նաիրա Զոհրաբյանն այստեղ նկատում է, որ ԲՀԿ պաշտոնական դիրքորոշում չէր կարող հայտնել ՄՄ անդամակցության վերաբերյալ մի շարք պատճառնեով։ Հիմնական պատճառը, ըստ նրա, որ «ճանապարհային քարտեզը» հստակ չէ եւ չկա անդամակցության տնտեսական հիմնավորվածության պատասխանը։

Այնուամենայնիվ՝ ԲՀԿ- ականները նշում են, որ այսօրվա համագումարից հետո կուսակցությունը թևակոխում նոր փուլ, որը թելադրված է ժողովրդի պահանջներով, երկրում ստեղծված իրավիճակով։ Ըստ նրա՝ երկրում ստեղծվել է  բեկումնային իրավիճակ, «Եթե երկիրը գնա այս ճանապարհով, ապա կկործանվի»,- հայտարարեց Վարդան Օսկանյանը՝ արդեն մեջբերելով ԲՀԿ առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի՝ դռնփակ համագումարում արած հայտարարություն. «Եկեք սթափվենք, ճիշտ գնահատական տանք եւ փորձենք միասնական մոտեցումներով երկիրը այս ծանր վիճակից դուրս բերել»։

Իսկ երբ է ԲՀԿ խմբակացությունը ներկայացնելու կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը: Նարիա Զոհրաբյանը նշում է, որ ոչ իշխանական 4 խմբակցությունների նախաձեռնությունը ընթացի մեջ  է և  իրենց  գործունեության սլաքները ուղղված են մի ուղղությամբ՝ օր առաջ պահանջել այս կառավարության հրաժարականը:

Այն դիտարկմանը, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, Վարդան Օսկանյանը հետևյալ դիտարկումն արեց. «Ոչինչ չեմ բացառում, որովհետև իրենք  գիտեն, թե ովքեր են երկրում ստեղծված վիճակի հիմնական պատասխանատուները։ Սակայն ունեն օրակարգ (ԲՀԿ- ն) և շարժվում են քայլ առ քայլ՝ ըստ այդ օրակարգի: Այսօր օրակարգում կառավարության հրաժարականն է, որի շուրջ էլ ընդհանուր հայտարարի են եկել չորս քաղաքական ուժերը»:

Ցուցադրել ավելի
Back to top button