ԿարևորՔաղաքական

ԵԿՄ- ն սատարում է Սերժ Սարգսյանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Մարզահամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության  հերթական համագումարը: Այն հոբելյանական էր՝ տասներորդը 1993-ին ձևավորված ԵԿՄ պատմության ընթացքում: Համագումարին մասնակցել են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասրայանը, կառավարության անդամներ, ԼՂՀ իշխանության ներկայացուցիչներ, մոտ երկու հազար պատվիարկներ: ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվել է գեներալ Մանվել Գրիգորյանը, համագումարը նաև  նախագահի տեղակալներ ու վարչության նոր կազմ է ընտրել,  իսկ աշխատանքն ավարտել է հայտարարության ընդունմամբ: Միությունը  հայտարարել է. երկրապահը եղել և մնում է հայոց անկախ պետականության գաղափարակիրն ու զինվորը ՝  պաշտպանելով հանրապետության նախագահի  նախաձեռնությունները արտաքին ու ներքին քաղաքականության ոլորտներում:

ԵԿՄ 10- րդ հոբելյանական համագումարը մեկնարկեց հիմնով, լեփ-լեցուն դահլիճում, մասնակիցների ներկայացուցչական կազմով: Օրակարգային հարցերի թվում վարչության նախագահի ու կազմի ընտրութունն էր, միության՝ նախորդ երկու տարիների գործունեության  մասին հաշվետվությունը։ Մինչ դրանք, սակայն, պատվիարկները հանրապետության նախագահի, պաշտպանության նախարարի, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի ողջույնի խոսքերը  լսեցին։

«Համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ չկա ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն»,- իր ելույթում նշեց հանարապետության նախագահը՝ անդրադառնալով  ԵԿՄ դերակատարմանը, ադրբեջանական քարոզչությանն ու սահմանային կրակոցներին: «Ինչո՞ւ դիպուկահարները դուրս չեն բերվում սահմանային գծից: Որովհետև մարդասպանությունը բանավեճի մեջ վերջին փաստարկն է: Փող և մարդասպանություն. ահա այս երկու փաստարկներն են, որ բերում է հակառակորդը մեզ և աշխարհի հետ հարաբերվելիս»:

Մեր փաստարկը սեփական հողում սեփական քրտինքով արարելու իրավունքն է, Հայոց բանակը է, բոլոր այն հայորդիները, ովքեր հենց այսօր պատրաստ են զենք բռնե ՝ ասաց նախագահը՝ համոզված, որ դրա կարիքը չի լինելու։ «Չի լինելու հենց այդ պատրաստակամ կեցվածքի պատճառով, չի լինելու հենց այդ փաստարկի հզորության շնորհիվ: Չի լինելու, որովհետև 20 տարեկանը չբոլորած մեր երիտասարդները սահմանի վրա կանգնում են այնպես, ինչպես ժամանակին դուք եք կանգնել, իսկ երբեմն (չնեղանաք) ավելի լավ, քան մենք»։

Պետություն, բանակ, ազատամարտիկներ միասնությունը անհաղթելի է, իր ելույթում նշեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ հակառակորդը թեև այլևս չի կարողանում զսպել իր ռևանշիստական նկրտումները, բայց նաև ուժ չունի խոստովանելու իր թուլությունը կրտսեր սերժանտ Արմեն Հովաննիսյանի և նրա ընկերների առջև։ 

Եթե ցանկանում ենք , որ պատերազմը չկրկնվի, ապա թշնամուց ուժեղ բանակ պետք է ունենանք, ասաց ԵԿՄ վարչության նախագահ . գեներալ Մանվել Գրիգորյանը։ «Բանակում ծառայելը հայ մարդու համար պետք է դառնա պատվի խնդիր, իսկ հայկական բանակի սպան հասարակության ամենահարգարժան ու պաշտպանված խավը պետք է լինի»:

Մանվել Գրիգորյանն այսօր վերընտրվեց ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում: Նրա թեկնածությունն առաջարկեց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, ում խոսքով ՝ Սպարապետից հետո Մանվել Գրիգորյանը կարողացավ ըստ արժանվույն առաջնորդել երկրապահը:

Մանվել Գրիգորյանի թեկանածությունը պաշտպանվեց միաձայն, ընտրությունից հետո Մանվել Գրիգորյանը կարճ ելույթ ունեցավ ՝ չթաքցնելով մտադրությունը՝ առնվազն 30 տարի էլ ղեկավարել կառույցը:

Համագումարը նաև հայտարարություն ընդուեց, որով երկրապահ կամավորականները ամրագրում են. եղել և մնում են հայոց անկախ պետականության գաղափարակիրն ու զինվորը՝  պաշտպանելով   հանրապետության նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի  նախաձեռնությունները արտաքին ու ներքին քաղաքականության ոլորտներում։

Ցուցադրել ավելի
Back to top button