ԿարևորՔաղաքական

Հայաստանի ՄՄ անդամակցությունն ունի նաեւ քաղաքական բաղադրիչ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Մաքսային միությունն ընդգծված տնտեսական կառույց է, սակայն այն հանգամանքները, որում այսօր գտնվում է  Հայաստանը, թույլ են տալիս պնդել, որ ՄՄ- ին անդամակցելու հարցն ունի նաև իր քաղաքական բաղադրիչ»,-  այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝  պարզաբանելով՝ այն պայմանավորված է ԼՂՀ բաղադրիչով։«ԼՂՀ-ն ՀՀ-ի հետ, ըստ էության, չափազանց ինտեգրված պետություն է, և նրանք երկուսը գտնվում են Մաքսային միության մեջ,  եթե կարելի է այսպես ասել։ Այս առումով չափազանց կարևոր է, թե ինչպես պետք է լուծվեն այս խնդիրները, եթե ՀՀ անդամակցի ՄՄ-ին»:

Գագիկ Մինասյանը մեկ անգամ ևս  հիշեցրեց  ՀՀ նախագահի հայտարարությունը, որ ՀՀ և ԼՂՀ-ի միջև մաքսային սահման չկա և չի կարող լինել: ՀՀԿ-ական պատգամավորը  նախորդ տարվերջին տեղի ունեցած մի կարևոր իրադարձության վրա է հրավիրում հանրության ուշադրությունը:  Դեկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վ.Պուտինը   երկու միջազգային համաձայնագրերը վավերացնելու օրենք ստորագրեց։ Դրանք վերաբերում էին Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ Ռուսաստանի սահմանին։ Ըստ էության բոլոր մաքսատուրքերը, բոլոր գանձումները վերացվում են և, ըստ էության, այս երկու չճանաչված հանրապետությունների տարածքները Ղազախստանի և Բելառուսի կողմից ճանաչվում են ՄՄ տարածք, ասում է Գագիկ Մինասյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ սա ԼՂՀ խնդրի հետ կապված  կարևոր  նախադեպ է, քանի որ այլևս այն հարցադրումը, որն արել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը   դեկտեմբերի 24-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ,  վերաբերելու էր դեկտեմբերի 23-ից   հետո  նաև երկու իրենց կողմից չճանաչված պետություններին՝ Աբխազիային և Հարավային Օսեթիային։ Ղազախստանի նախագահը, հիշեցնենք, ասել էր, թե իր երկիրը պատրաստ է ստորագել  Մաքսային  միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը», բայց  հատուկ կարծիքով: Նա ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված ՝ մաքսային սահմանների վերաբերյալ  պարզաբանումներ էր պահանջել։

«Այն պետությունների ղեկավարները, որոնք ըմբոստանում էին ՀՀ և ԼՂՀ ՄՄ անդամակցելու դեմ, այլևս համակերպվել են։ Այսինքն՝ երբ ՀՀ միանում է ՄՄ-ին, այլևս ԼՂՀ տարածքն ըստ էության դառնում է  ՄՄ տարածք՝ լինելով Ղազախստանի ու Բելառուսի կողմից չճանաչված տարածք ճիշտ այնպես, ինչպես Աբխազիան և Հարավային Օսեթիան»։

Սեպտեմբերի 3- ից հետո ՀՀ  բարձրաստիճան անձինք հայտարարում են, որ  ԼՂՀ և Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմներ առաջիկայում գործնականում բացառված է։ Այսպիսի արտահայտություններ նախկինում չէին հնչում, մինչդեռ, Գագիկ Մինասյանի խոսքով,  Ադրբեջանում ԵԱՀԿ համանախագահների հանդիպումների ժամանակ  մտահոգություն են հայտնում, որ ռազմական գործողությունների վերսկսկսման պարագայում գուցե  օգտագործվեն նաև ՀԱՊԿ ուժերը: Սրանք զարգացումներ են, որոնք պաշտպանության ու անվտանգության լուրջ տարրեր են պարունակում, ընդգծեց Մինասյանը:

Նա նաեւ  նշեց որ   ԼՂՀ զարգացման համար մեծ տնտեսական հնարավորություններ են ստեղծվելու: ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը թվարկեց նաև Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու տնտեսական առավելություններից մի քանիսը. ՌԴ-ում գործում է  «արտահանման մաքս»  հասկացությունը և հայաստան ներմուծվող ապրանքների 61 տոկոսը գանձվում են այդ մաքսով, դա ոչ միայն գազն է, չմշակված ադամանդը, այլ պարարտանյութը, փայտամթերքը։

Մաքսային ձևակերպումներն ու մի շարք խնդիրներ կվերանան և քանի որ Հայաստանը ՄՄ երկրների շարքում առաջին ու միակն երկիրն է, որը GSP+ կարգավիճակ է ստացել,  չի բացառվում, որ ՄՄ երկրների տնտեսվարողների մի մասը  ցանկանան Հայաստան տեղափոխել իրենց բիզնեսն ու ավելի հեշտությամբ ու արտոնյալ պայմաններով դուրս գալ եվրոպական շուկա։

Ցուցադրել ավելի
Back to top button