ԿարևորՔաղաքական

Կքննարկեն, կքննադատեն, մի քիչ կհայհոյեն եւ վերջ. կառավարության հրաժարականի պահանջի մասին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Մարդկանց սահմանադրական իրավունքն է՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաներին այսօր ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը: Ինչպես ցանկացած նոր բան, կուտակային կենսաթոշակային համակարգը նույնպես դժվար է ընդունվում, նշել  է հանրապետական գործիչը՝ հույս հայտնելով, որ կուտակային հաշիվներին հետևելու առաջին քայլերից հետո համակարգին  վստահողների բանակը  կմեծանա:

Հանրապետական խմբակցության անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի դիտարկմամբ՝ անցումը կուտակային կենսաթոշակային  համակարգին ամենևին էլ պոպուլիստական քայլ չէ: Ընդհակառակը՝ նոր համակարգի ներդրումը իշխանություններին միայն բացասական բոնուսներ է բերում: Չնայած սրան՝ անցումն անհրաժեշտ համարվեց` գիտակցումով, որ գործող համակարգն անարդյունավետ է ու թոշակների բարձրացում չի կարող ապահովել։ «Իշխանությունը գնաց այս ոչ պոպուլյար քայլին ոչ թե  իր համար ինչ-որ խնդիրներ  լուծելու ակնկալիքով, այլ այն նպատակով, որ հետագայում կենսաթոշակային տարիքի հասած այսօրվա երիտասարդները կարողանան իրենց կուտակածով ու պետության օգնությամբ ապահովել իրենց արժանապատիվ ծերությունը»։

Ի տարբերություն սերունդների համերաշխության սկզբունքի վրա հիմնված համակարգի, երբ երիտասարդ սերունդն աշխատելով ապահովում է ավագ սերնդի կենսաթոշակը, նոր համակարգը հիմնվում է այլ սկզբունքի վրա ՝ յուրաքանչյուրի կենսաթոշակը թողնելով իր իսկ կատարած ու պետության կողմից հավելած կուտակումների վրա։ Հանրապետական պատգամավորը համաձայն է դիտարկմանը, որ նոր համակարգի նկատմամբ անվստահություն  ու հավատի պակաս կա: Այդ անվստահությունը, ըստ նրա,   թե անձնական, թե  քաղաքական բաղադրիչներ ունի, կա նաև ավանդների հետ կապված փորձը:

ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցնում է նաև ԱՊՊԱ-ի փորձը. մինչև համակարգի ներդրումը չվստահողների բանակն ավելի մեծ էր, քան՝ վստահողներինը: Համակարգը, սակայն, մի քանի տարի աշխատեց ու վստահություն ձեռք  բերեց: Տարբերությունն այս դեպքում հանգամանքն է, որ ԱՊՊԱ-ին վստահելու համար 1-2 տարին էլ բավական էր, իսկ կենսաթոշակայինի դեպքում արդյունքների փորձարկումը մի քանի տասնամյակ կպահանջի: Այս դիտարկմանը Սամվել Նիկոյանը համաձայն չէ. կարծում է, որ  վստահության առաջին կաթիլները  կկուտակվեն հաշիվներին հետևելու առաջին քայլերի հետ։ Ինչևէ՝ հանրապետական պատգամավորը վստահ է, որ գործարկվելով համակարգը ավելի մեծ վստահություն է ձեռք բերելու։ 

Ինչ վերաբերում է ՍԴ սպասվելիք վճռին, ապա Սամվել Նիկոյանը կանխատեսումներ անելն  այս պահին անլուրջ է համարում, իսկ գանձել, թե՝ չգանձել կուտակային վճարները մինչև ՍԴ վճիռը հարցին  հստակ պատասխան ունի։ «Իհարկե՝ օրենքը հունվարի 1-ից գործում է: ՍԴ որոշումը կասեցրել է չվաճարման համար նախատեսվող  պատասպխանատվությունը, բայց վճարումներ անելու պահանջը  չի կասեցրել»։

Եվ ոչ իշխանական 4 ուժերի կողմից օրակարգ բերված մի հարցի մասին էլ. ոչ կոալիցիոն խմբակցությունները հայտարարել են, որ  քննարկում են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը և մտադիր են  համատեղ նախաձեռնությամբ հանդես գալ:  Նախաձեռնությունը Սամվել Նիկոյանին ոչ զարմացնում է, ոչ էլ բարկացնում։ «Մեր նորանկախ պատմության ընթացքում եղե՞լ է  որևէ կառավարություն, որի հրաժարականը չի պահանջվել: Ես չեմ հիշում»։

Կառավարության հրաժարական պահանջելը քաղաքական յուրաքանչյուր ուժի սահմանադրական իրավունքն է, իսկ  հրաժարականի մասին որոշում կայացնելը՝ հանարպետության նախագահի ու քաղաքական մեծամասնության։ «Կարծում եմ, որ ոչ հանրապետության նախագահը, ոչ քաղաքական մեծամասնությունը իր առջև նման խնդիր չի դրել»։

Իսկ թե ինչի կհանգեցնի ոչ իշխանական 4 ուժերի պահանջը, հանրապետական պատգամավորի  համար առավել քան հստակ է։ «Ազգային ժողովում ևս մեկ օր կառավարությունը կդառնա քննադատության առարկա: Ինչպես ամեն օրենքի դեպքում է լինում, այս անգամ էլ նույնը կլինի՝ քննարկել, քննադատել, մի քիչ հայհոյել, հետո քվեարկություն կլինի, կմերժվի և վերջ»։

Ցուցադրել ավելի
Back to top button