Հասարակություն

«Զվարթնոցի» քանդումը հակահուշարձանային տրամադրության շարունակությունն է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հակառակ վարչապետ Տիգրան Սարգսյանի կոնսեցիոներին տրված  հանձնարարականին, որ մինչեւ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի քանդման պաշտոնական հայտարարությունը, հարցը պետք է քննարկել մասնագիտական շրջանակներում, մինչ այսօր ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի կատարվել:  Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արևշատյանի խոսքով` եթե քննարկումներ լինում էլ են, ապա դրանք թափանցիկ չեն, իսկ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ նշեց, որ պետք  չէ սպասել կառավարության կողմից իրականացվող  հանրային քննարկմանը, քանի որ 15-20 տարի է սպասում են, որ  գործադիրն իրականացնի սահմանադրորեն իրեն լիազորված հուշարձանների պաշտպանությունը:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն արձանագրում է, որ օդանավակայանը  թեև պաշտոնապես գրանցված չէ հուշարձանների ցանկում և չի պահպանվում օրենքով, սակայն համալիրն արդեն իսկ  հուշարձան է։ Ճարտարապետը չի ցանկանում, որ արժեքներ ներկայացնող կառույցները տապալվեն,  և պահպանվեն այնպիսինները, որոնք արժեքավոր չեն: Եթե յուրաքանչյուր քաղաքացի փոքրիկ էքսկուրս անցկացնի երևանյան փողոցներում, ապա կտեսնի, որ քանդվել են այնպիսի կառույցներ, որոնք տեղ են գտել մասնագիտական գրականության մեջ: Այսպիսի քայլը Գուրգեն Մուշեղյանը որակում է հանցագործություն:

Ճարտարապետ Զոհրաբ Բաուերը խնդրի իրավական լուծումն է տեսնում։ 2005 թվականից մինչ այսօր հավաքագրվել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք համաձայնեցվել են  կառավարության հետ: Փաստաթղթերում ճարտարապետը պարզել է շենքի շահագործողի վերաբերմունքը։ «Այսօր համալիրը համարվում է  Երևանի մշակութային վայր` արժեքավոր շինարարական և ճարտարապետական նշանակությամբ: 6.2.4 կետում  ուղևորային համալիրի մասով դա կլոր շենքն է, որի մասին ենք խոսում։ Գրված է` համալիր մեկի շենքը կպահպանվի  որպես պատմական նշանակության օբյեկտ»։

Կառույցի քանդելը ճարտարապետը դիտարկում է կամ  քաղաքական,  կամ էլ ուղղակի բիզնես հետաքրքրություն: Այն, որ պետք է կառույցի տեղում այգի կառուցվի և հուշարձանների մակետներ տեղադրվի, ճարտարապետները  համարում են Երևանում հակահուշարձանային տրամադրության շարունակություն։

Ցուցադրել ավելի
Back to top button