Հասարակություն

Բոլոնիայի գործընթացի նկատմամբ վստահությունը մեծացել է, ցույց են տալիս հետազոտությունները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ՀՀ ԿԳ նախարարության պատվերով IPAC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը 2013 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացրել է Հայաստանի պետական բուհերի ուսանողության Բոլոնիայի գործընթացին մասնակցության ուսումնասիրություն:  Հետազոտության նպատակն է գնահատել Հայաստանի պետական բուհերի ուսանողների ընդգրկվածությունը  Բոլոնիայի գործընթացում և Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ ուսանողների վերաբերմունքն ու ընկալումները։ Հետազոտությանը մասնակցել են Հայաստանի պետական համալսարանների բակալավրիատում և մագիստրատուրայում առկա ուսուցմամբ սովորող Հայաստանի քաղաքացի ուսանողները։

Հոկտեմբեր- դեկտեմբեր ամիսներին Հայաստանի պետական բուհերում իրականացված հետազոտութունները ցույց են տվել, որ պետական համալսարաններում այսօր օտար լեզվի առավել արդյունավետ դասավանդման և  կատարելագործման անհրաժեշտություն կա: 1202 ուսանողների շրջանում կատարված հետազոտությունը նաև ցույց է տվել, որ մագիստրատուրայի ծրագրերը որակապես տարբերվում են բակալավրիատի ծրագրերից, դրանք տարբերվում են նաև մասնագիտական առումով, իսկ հարցվածների 45 տոկոսը համարում է, որ մագիստրոսի դիպլոմը նպաստում է նաև աշխատանքի տեղավորման հարցում: 

Դեռևս բավականին ցածր է բակալավրիատի ուսանողների տեղեկացվածությայն մակարդակը Բոլոնյան գործընթացի վերաբերյալ: Միևնույն ժամանակ հետազոտության արդյուքները ցույց են տվել, որ գործընթացի նկատմամբ վստահությունը մեծացել է: Ուսանողների մեծամասնությունը դրական է վերաբերվում վճարման համակարգի ռոտացիոն սկզբունքին: Փոխարենը՝ Բուհական համակարգում անխուսափելի են վարձավճարների և աշխատավարձերի բարձրացման հետ կապված կոնֆլիկտները, նկատեց IPAC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի վերլուծաբան Սամվել Մանուկյանը։

Նշենք, որ այս հետազոտության հիմնական նպատակն է՝ գնահատել Հայաստանի պետական բուհերի ուսանողների ընդգրկվածությունը Բոլոնիայի գործընթացում և վերջինիս բաղադրիչների ընկալումներն ուսանողության կողմից: Դրանք հետագայում պետք է օգտագործվեն բարձրագույն կրթության որակի բարձրացմանՆ ուղղված ծրագրերում:

Ցուցադրել ավելի
Back to top button