Հասարակություն

Ամերիկյան զբոսաշրջային կայքը՝ ԼՂՀ մասին. Ադրբեջանը կրկին բողոքում է

Ամերիկյան հանրահայտ Tripadvisor.com զբոսաշրջային կայքում զետեղվել է տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Մանրամասներ են ներկայացվում Ղարաբաղի զբոսաշրջային վայրերի, հյուրանոցների վերաբերյալ: Թեև Արցախը ներկայացված է Ասիա՝ Ադրբեջան բաժնում, զետեղված լուսանկարներն ու տեղեկատվությունն առավել քան հայկական են: Մասնավորապես՝ եկեղեցիները խաչերով, Արմենիա կամ Նաիրի հյուրանոցները, որոնց  ցուցանակը հայատառ են, կամ ամենուր ծածանվող եռագույն դրոշները:

Պաշտոնական Բաքվին, սակայն, վրդովեցրել է այլ հանգամանք. հերթական հակահայկական հիստերիան բարձրացվել է այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղում զբոսաշրջիկներին առաջարկվող հյուրանոցները չունեն Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության համապատասխան լիցենզիան: Գերատեսչությունն այդ հարցը պարզաբանելու նպատակով դիմելու է կայքի տնօրինությանը:

Հարցին ադրբեջանամետ կարգավորում տալու համար  միջամտել է նաև այդ երկրի արտգործնախարարությունը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաևը ԱՊԱ- ին հայտնել է, որ խնդրի առնչությամբ համապատասխան հանձնարարականներ են տրվել ԱՄՆ- ում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button