ԿարևորՔաղաքական

ՀՀԿ փոխնախագահի արձագանքը՝ ոչ իշխանական խորհրդարանական չորս ուժերի նախաձեռնությանը (լրացված)

լրածված է ժամը 16։15- ին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Կառավարությունը չափից ավելի պատասխանատու պետական մարմին է, որպեսզի քաղաքական շահարկումների կամ նեղ կուսակցական հաշվարկների բավարարման ալիքի վրա քայլեր ձեռնարկի և տրվի այս պահին ընդհանրապես ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ սոցիալական հիմքեր չունեցող գործընթացների»,- այսօր հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Հիշեցնենք՝ նրանք երեկ խորհրդարանում համատեղ նիստ էին հրավիրել ու քննարկում էին կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: ՀՀԿ փոխնախագահն անդրադարձել է նաև կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ պայքրաողներին ու Մարտի մեկի իրադարձություններին: Որպես կրթության ու գիտության նախարար Աշոտյանն անդրադարձել է նաև  Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի շենքի գրավադրման մասին  շրջանառվող խոսակցություններին: «Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի շենքը գրավադրված չէր և չէր էլ կարող լինել»,- հայտարարել է նախարար Արմեն Աշոտյանը:

Երեկ ոչ իշխանական չորս ուժեր խորհրդարանում հավաքվել ու քննարկում էին կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Բավականին արդյունավետ աշխատանքային հանդիպում. այսպես էին բնորոշել, սակայն,  չէին որոշել կառավարության հրաժարականի հարց կբարաձրացնե՞ն, թե՞ ոչ։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր արձագանքեց նախաձեռնությանը, նշեց, որ  հասկանալի չէ, թե իրականում ինչ շահեր են սպասարկում այդ չորս ոչ իշխանական ուժերը, քանի որ քաղաքական տարրական գիտելիք ունեցող  մարդկանց համար ակնհայտ է, որ անգամ Տիգրան Սարգսյանի  կառավարության հրաժարականի դեպքում հաջորդ կառավարությունը նույնպես ձևավորելու  է խորհրդարանական մեծամասնությունը, այն է՝ ՀՀԿ- ՕԵԿ կոալիցիան։ «Մեկ այլ տարբերակ էլ մտքովս անցավ։ Կարող է մեջները կան քաղաքական ուժեր, որոնք ուզում են վերադառնալ կոալիցիա, և Տիգրան Սարգսյանի անհատական կերպարն է խոչընդոտում իրենց դա անել»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։

«Կառավարությունը չափից ավելի պատասխանատու պետական մարմին է, որպեսզի քաղաքական շահարկումների կամ նեղ կուսակցական հաշվարկների բավարարման ալիքի վրա քայլեր ձեռնարկի և տրվի այս պահին ընդհանրապես ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ սոցիալական հիմքեր չունեցող գործընթացների, ընդգծեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով,- եթե քաղաքական ուժերը իրենց բոլոր մակարդակներով երիտասարդներից մինչև քաղաքական մարմիններ պատրաստ չեն բարեկիրթ, սպիտակ, քաղաքական պայքարի, ու եթե ոմանց թվում է իրենց կարելի է  ամեն ինչ, այդ թվում՝ նաև ԱԺ ամբիոնից հնչեցնել վիրավորանքներ, զրպարտանքներ՝ մինչև փողոցային բառապաշարով համեմված զանգվածային ակցիաների տակ քողարկված անբարո աւրտահայտություններ, ապա ցավում եմ, բայց ցանկացած նման տեսակի գործողություն հակազդեցություն է առաջացնելու, ինչը ցանկալի չի քաղաքական մշակույթի համար առհասարակ։ Դրա համար ցանկալի է մեղավորներին փնտրել այնտեղ, որտեղից գալիս է  անհադուժողականության, ատելության, վիրավորանքների լրահոսը»,- նշեց Արմեն Աշոտյանը:  

ՀԱԿ-ի ու մարտիմեկյան իրադարձությունենրի թեման նույնպես չշրջանցվեց։ Սրա մասին, ի դեպ, ՀՀԿ փոխնախագահը սեփական ցանկությամբ խոսեց։ «Ցավում եմ, որ ՀԱԿ կոչվող անհասկանալի քաղաքական կուսակցությունը, ուժը, խմբակցությունը, չենք հասկանում՝ ինչի մասին է խոսքը, այնուհանդերձ՝ մինչև վերջ, այս վեց տարիների ընթացքում որևէ այլ քաղաքական կապիտալ իր համար չի կուտակել, քան այդ ողբերգական դեպքերի ընթացքում մահացած մարդկանց արյունը և հիշատակը: Շատ ցավալի է, որ քաղաքական ուժ վեց տարվա ընթացքում որևէ այլ քաղաքական պրոդուկտ , այլ քաղաքական հիմք, հենարան, առիթ չունի, քան այն, ինչ պատահեց մեր երկրում վեց տարի առաջ: Սա քաղաքական սնանկության ամենաակնառու դրսևորումներից մեկն է»։

Անդրադառնալով  կառավարության յոթ տոկոս տնտեսական աճ չապահովելու պարագայում հրաժարական ներկայացնելու  խնդրին՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Ննախագահի մամլո խոսնակը սպառիչ պատասխանել է տվյալ հարցադրմանը՝ պնդելով, որ մոտ ապագայում, մինչև մարտ ամիս, նման տեսակի վերլուծություն ունենալուց հետո ամփոփելով ֆինանսատնտեսական տարին, հասկանալով բոլոր պլյուսները-մինուսները, այդ ժամանակ նման հարցի հրապարակային անդրադարձ նախագահի աշխատակազմը կանի»։

Քաղաքական գնահատականը հետևյալն է՝  եթե տնտեսական աճի անկման կամ ոչ բավարար լինելու հիմքում հստակ օբյեկտիվ պատճառներ են դրված, ապա ակնհայտ է, որ նման հարցադրումը, որ հնչում է քաղաքական դաշտի և իրենց սպասարկող որոշ ԶԼՄ-ների կողմից, ընդամնեը քաղաքական ենթատեքստ ունի: Ինչ վերաբերում է  պայմանների կատարմանը, ապա առնվազն մի պայման կատարվել է: Որքանով ես գիտեմ, ԱՎԾ տվյալների համաձայն՝ աշխատավարձերի աճը եղել է ավելի առաջանցիկ, քան՝ գնաճը։

Կենսաթոշակային կուտակային պարտադիր բաղադրիչին դեմ արտահայտղոների թեման նույնպես չշրջանցվեց: Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ կառավարության նկատմամբ անվստահության փաստարկը շատ հեշտ հակադարձվում է, քանի որ իրենք չեն պատրաստվում 35 կա 40 տարի իշխանությունում լինել, չի բացառվում, որ բողոքողների մի մասն ի վերջո իշխանությունում հայտնվի։

«Երկրորդը՝ անվստահություն պետության նկատմամբ, ինչն ավելի դաժան մեղադրանք է։ Եթե մենք չենք վստահում ՀՀ-ին որպես 50 տարվա ընթացքում գոնե հեռանկար  իր գոյությունը պահպանող քաղաքական, տնտեսական ուրույն միավոր, ապա ինչո՞ւ ենք ապրում մեր երկրում: Ինչո՞ւ ենք մեր երեխաներին տանում դպրոց, ինչո՞ւ ենք ստեղծում համալսարաններ, բիզնես դնում, քաղաքականությամբ զբաղվում:  Անհասկանալի է»։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button