ԿարևորՔաղաքական

Ինչու են արտագաղթում Հայաստանից. հասարակական-քաղաքական բանավեճ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Մինչեւ Հայաստանում օլիգարխիկ համակարգը չփոխվի, ոչինչ չի փոխվելու` այս համոզմունքն է այսօրվա բանավեճում հայտնել Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ` արդյունքներով պետք է գնահատել ամեն ինչ, իսկ դրանք կան, այլ հարց է` տեսնելու ցանկություն կա, թե` ոչ: Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ այդ համատեքստում կառավարության գործունեության արդյունավետության մասին բանավեճ է այսօր կազմակերպել «Դեբատ» մամուլի ակումբը:

Անձնական շահն ու մենաշնորհը հանրային շահից բարձր դասելն է մեր երկրի դժբախտությունների պատճառը: Այս կարծիքին է Կարինե Դանիելյանը: Նրա համոզմամբ` հենց դրա արդյունքում է, որ այսօր ունենք մեծ ծավալի արտագաղթ եւ դրա հետեւանք է, որ այսօր բնաջնջում ենք այն մի կտոր հողը, որն Աստված է տվել:

«Եթե մենք հիմա «խելքներս գլուխներս չհավաքենք»` չհասկանանք, որ շատ լուրջ փոփոխություններ են պետք բոլորիս մտածելակերպում եւ գործելաոճում, մենք կարող ենք երկիր կորցնել»:

Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի գնահատմամբ` այսօրվա իրավիճակում մենք հայտնվել ենք մեր ներքին խնդիրների պատճառով: Ըստ նրա` պետությունն արտագաղթի պատճառով նաեւ խոցելի է դարձել մի շարք առումներով: Նա ձեւակերպմամբ` Ռուսաստանն իր շահերը հետապնդելով մեր տարածքն ամրապնդում է, սակայն` ոչ պետությունը, ինչը պիտի մենք ամրապնդենք` ներքին խնդիրների կարգավորմամբ: Մինչդեռ, նրա համոզմամբ, իշխանությունների վարած ներքին քաղաքականությունն այս առումով ուղղակի անհուսալի է. «Եթե երկու խոսքով ասենք, կլինի հետեւյալը` ինչքան դիամանանք»:

Դեմկուսի ղեկավարի խոսքով` հատվածային դժգոհությունը, որ այսօր առաջացել է երկրում նման է վտակների, որոնք սակայն, ի վերջո, միանալու են: Այս հանգամանքի հետ հաշվի չնստելն ու հասարակության դժգոհություններն առհամարելը կործանարար է լինելու հենց իշխող քաղաքական ուժի համար: Եթե երկրի նախագահը իր քաղաքական կուրսը չփոխի, ապա Հայաստանում ամեն տեսակի իրադարձություններ հնարավոր են` կանխատեսեց Դեմկոսի նախագահը: «Վերջիվերջո, մի օր պիտի հասկանանք, թե ուր ենք գնում»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նույնպես կարծում է, որ խնդիրը մեր ներսում է, որի արդյունքում է ձեւավորվել ներկա իրականությունը: Նրա խոսքով` արտագաղթը, անկախ ծավալներից, մտահոգող է: Արտագաղթողները հիմնականում գնում են Ռուսաստան, որտեղ ամենատարբեր տեսանկյուններից ավելի լավ չէ, քան Հայաստանում: Մարդիկ եկամուտ վաստակելու խնդիր ունեն եւ պիտի աշխատատեղեր ստեղծել տեղում, որի ճանապարհը մեկն է` դրսից ներդրումներ ներգրավելը: Խոսրով Հարությունյանը համաձայն չէ, թե իշխանություններն այս ուղղությամբ ոչինչ չեն անում: Եթե երկրում կա քաղաքական ռիսկ, պատերազմի վտանգ, կաշառակերություն, ապա` ներդրողը բնականաբար կխուսափի նման երկրից: Պատգամավորի համոզմամբ` այդ խոչընդոտները վերացնելու համար իշխանությունները հատկապես վերջին 5 տարիներին քայլեր իրականացրել են:

«Արդյոք, կարելի է ասել, որ ոչ մի բան չի արված: Կարելի է ասել, որ միգուցե բավարար չէ, բայց ասել, որ կառավարությունը ոչինչ չի անում` ես համաձայն չեմ: Այսինքն` այդ աշխատանքների պայմաններում ներդրումներ ներգրավելու հնարավորությունները էապես փոխվել են եւ մենք առաջիկայում դա էապես կտեսնենք, հետեւաբար` աշխատատեղեր ստեղծելու հնարավորություններն էլ են մեծացել»:

Ըստ Խոսրով Հարությունյանի` բնական է «եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու է այդքան վատ» հարցը: Ասաց, որ իր տպավորությամբ` պարզապես Հայաստանում լավը չեն տեսնում: ՀՀԿ խմբակցության պատգամավորը կիսեց դիտարկումը, որ իշխանության նկատմամբ վստահության խնդիր կա, սակայն շեշտեց, որ վստահության պակասը միայն մի հատվածի մոտ է առկա եւ ոչ համընդհանուր: Բոլորը չէ, որ պիտի հավանություն տան իշխանության գործունեությանը, սակայն, անշուշտ, այդ հատվածի կարծիքն էլ իշխանությունը պիտի հաշվի առնի` հավելեց Խոսրով Հարությունյանը:

«Պրոցեսը պետք է գնահատվի արդյունքներով, իսկ արդյունքները` ես փաստ-օրինակներ բերեցի: Այլ բան է, մենք դա ուզում ենք տեսնել, թե` ոչ, իսկ դա արդեն հարցի մյուս կողմն է»:

Արամ Գասպարի Սարգսյանի արձագանքը.«Ոչ մի նշանակություն չունի, թե այսօր դուք ինչ հաջողությունների եք հասել, որովհետեւ էդ հաջողություններն ուղղակի ամայանում են, երբ որ տեսնում ենք արտագաղթի չափը»:

Ցուցադրել ավելի
Back to top button