Հասարակություն

Արինի հիմնական խնդիրը գյուղի՝ ավտոմայրուղուն կապող անմխիթար ճանապարհն է

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Վայոց ձորի Արին գյուղը միջպետական նշանակության ավտոմայրուղուն կապում է 6 կիլոմետրանոց անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը: Այն համայնքի հիմնական խնդիրներից է, նշում է գյուղապետ Վազգեն Սայադյանը։ Այս պատճառով դժվարանում է գյուղմթերքի իրացումը։ Ճանապարհի վերանորոգման համար գյուղի բյուջեն չունի անհրաժեշտ միջոցներ։

Արինում այսօր բնակվում է 340 հոգի: Գյուղն ունի 70 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ, մեղվապահությամբ և անասնապահությամբ: Ցանում են ցորեն ու գարի, ցորենը հիմնականում` աշնանացան, գարին` գարնանացան:  Այստեղից ևս մեկնում են արտագնա աշխատանքի։

Ջրամատակարարումն իրականացվում է 25 կմ երկարությամբ մաշված խողովակաշարով, որը ժամանակ առ ժամանակ խցանումներից մաքրելու և վերանորոգելու կարիք է լինում։  Այսօր խոսվում է համայնքների խոշորացման անհրաժեշտության մասին: Խոսվում է Վայքի մի քանի գյուղերի միացման հնարավորության մասին: Կարծես թե արինցիները դեմ են միավորմանը, ասում է համայնքի ղեկավարը։ Արինում դեռևս ձեռնմպահ են մնում կոոպերացիաների ձևավորումից: Հաշվի առնելով առկա խնդիրները՝ դժվար է խոսել գյուղատնտեսության եկամտաբերության մասին։ 

Այստեղից պարզ երևում են Սիսն ու Մասիսը: Հնագույն հուշարձաններից է Սուլթանի քարայրը: Քարայրի ավերակների մեջ նկատվում են երկու պարիսպներ` բոլորաձև` 3-4 արշին բարձրությամբ: Գտնվել են հղկված քարի մնացորդներ, քարե դարի ժամանակվա իրեր ու առարկաներ: Դա ևս վկայում է, որ Արին գյուղը որպես բնակավայր հայտնի է եղել դեռևս քարե դարից: Այնպես որ՝ Արինը ունի նախադրյալներ զբոսաշրջիկներին գրավելու համար, սակայն բացակայում է անհրաժեշտ ենթակառուցվածքը և բարեկարգ ճանապարհը:

Ցուցադրել ավելի
Back to top button