Տնտեսական

Հայաստան ժամկետանց սնունդ չի կարող մտնել, հայտարարում է ՍԱՊԾ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Անհեթեթ են լուրերն այն մասին, որ Հայաստան ժամկետանց սնունդ կարող է մտնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժաման հայտարարել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը: Նա անդրադարձել է վերջին օրերին շուկայում հայտնաբերված թերի մակնշված ու ժամկետանց ձվերի խմբաքանակին, նշել, որ Ժամկետանց ձվի հայտնվելը կարող է լինել մի քանի շղթայի անփութության պատճառով: Իսկ հայտնաբերված խմբաքանակներն այնքան փոքր են եղել, որ կարող ենք ասել՝ զուտ անփութության հետևանք է: Ասուլիսի ժամանակ էլ հայտարարվել է, որ արդեն մեկ տարի է, ինչ Հայաստան ի թիվս այլ երկրների, սննդամթերք է ներկրվում նաև Թուրքիայի հանրապետությունից:

Տարիներ շարունակ հայտարարվում էր, որ Թուրքիայից Հայաստան սննդամթերք չի ներկրվում: Այսօր, սակայն, պարզվեց, որ արդեն մեկ տարի է, ինչպես Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը ձևակերպեց «քաղաքական համապատասխան որոշումը հանվել է» ու արդեն մեկ տարի է սննդամթերք ներկրվում է:

«Մեկ տարի առաջ այո չէր ներկրվում, որովհետև կար համապատասխան քաղաքական որոշում Թուրքիայի հանրապետությունից սննդամթերքի ներմուծումը ՀՀ արգելված էր: Հիմա ՀՀ լինելով ԱՀԿ անդամ, ինչպես և Թուրքիայի հանրապետությունը որևիցե խոչընդոտ չի կարող ունենալ տվյալ սննդամթերքի ներկրման հետ կապված: Ես ուղղակի ձեզ ասեմ տվյալ երկրից եկող սննդամթերքի նկատմամբ էլ ավելի բծախնդիր է ծառայությունը»:

Հայաստանը ԱՀԿ անդամ դարձել է ոչ մեկ տարի առաջ,  հիշեցրեցին լրագրողները, Թուրքիան նույնպես: Պաշտոնյան ձվից բացի Թուրքիայից ներկրվող որևէ այլ սննդամթերքի անուն չտվեց, հորդորեց գրավոր դիմել լրատվական ծառայություն դիմել ու հարցի պատասխպանը ստանալ.«Կար համապատասխան հրաման, որով ՀՀ չէր ներկրվում, հիմա Թուրքիայի հանրապետությունից ՀՀ սննդամթերք ներկրվում է: Փոխվեց այն արգելքը, որը կար ժամանակին: Ես իրավասու չեմ դրա պարզաբանումները տալու»:

Սննդամթերքի մեկ տեսակ, այդուհադերձ, Վահե Դանիելյանը նշեց՝ Թուրքիայից, Իրանից, Ուկրաինայից Հայաստան ձու է ներկրվում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանն այսօր անդրադարձավ նաև շուկայում թերի մակնշված ու ժամկետանց ձվերի խմբաքանակին:

«Անվտանգության առումով ձուն բոլոր փորձաքննությունն անցել է, ունեցել է ուղեկցող փաստաթղթեր, ուղղակի ժամկետի պահն է եղել, Ուկրաինայի հանրապետությունում տվյալ արտադրողը իր մակնշումը կատարել է համաձայն այն տեխնիկական պայմանների, որով որ արտադրվել է, և իրավունք է ունեցել ձվի վրա մակնշել 60օր պիտանելիության ժամկետ: Բայց մեր հանրապետությունում գործող օրենսդրության համաձայն, 25 օրից ավել պիտանելիության ժամկետ չի նախատեսվում A կարգի սեղանի ձվերի համար: Դրա համար կրկնապիտակի վրա տվյալ ներկրողները պարտավորվել են սպառողին հասցնել պատշաճ տեղեկատվություն, որ ձուն ոչ թե 60 օր է պիտանի օգտագործելու, այլ արտադրության օրվանից՝ 25 օր:

Թե որ ընկերության մասին է խոսքը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը այդպես էլ չասաց, միայն սպառողներին խորհուրդ տվեց ձու գնելիս մանրամասն նայել մակնշմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button