Քաղաքական

Հայաստանի հետ հարաբերությունը Իրանի գերակայություններից է

Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, և Իրանը պատրաստ է ընդլայնելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցությունը տարբեր, և հատկապես էներգետիկայի ու տարանցիկ փոխադրումների ոլորտներում, այսօր հայտարարել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

Քննարկվել են հայ-իրանական առևտրատնտեսական կապերի օրակարգին (էներգետիկա, զբոսաշրջություն, ենթակառուցվածքների զարգացում) առնչվող հարցերի լայն շրջանակ: Արծարծվել են, մասնավորապես, ընթացիկ՝ Մեղրիի ՀԷԿ-ի և Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ինչպես նաև նախագծային փուլում գտնվող՝ Հայաստան-Իրան երկաթգծի և Իրան-Հայաստան նավթատարի շինարարության ծրագրերին վերաբերող մանրամասներ: Վարչապետը նշել է, որ այս ծրագրերը ՀՀ կառավարության առաջնահերթություններն են և կգործադրվեն բոլոր ջանքերը՝ դրանց իրագործման համար:
Նշվել է նաև, որ ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարի Թեհրանում, որն էլ հնարավորություն կտա քննարկել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության ընդլայնման ուղղությունները:
Համագործակցությանը նոր լիցք հաղորդելու առումով երկուստեք կարևորվել են բարձր մակարդակով պաշտոնական փոխայցերը: Դեսպան  Ռեիսին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և Իրան այցելելու հրավերը:

Ցուցադրել ավելի
Back to top button