Տնտեսական

Արտենի համայնքում խմելու ջրի և գազի խնդրները լուծման կարիք ունեն

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Արագածոտնի մարզի Արտենի համայնքում շատ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն: Խնդիրների դասակարգման մեջ գյուղացիներն առաջնահերթությունը տալիս են խմելու ջրին և գազին: Գազատարները համայնքում կառուցվել են մի քանի տարի առաջ, ներկվել, սակայն կապույտ վառելիքն այդպես էլ տեղ չի հասել: Իսկ խմելու ջուրը, ինչպես Արմավիրի մարզի մի քանի համայնքներում, դարձյալ բերվում է բեռնատար ցիստեռներով և վաճառվում համեմատաբար էժան գնով՝ 1 դույլը 50 դրամով:

Արագածոտնի մարզի Արտենի  համայնքում տարիներ շարունակ խմելու ջուրը բերվում է Թալինից և վաճառվում 10 լիտրը 50 դրամով: Արտենին տարիներ առաջ խմելու  ջուր ունեցել է, որը եկել է, ինչպես իրենք են ասում «չլկաններից»  և ավտոմայրուղու մոտ գտնվող 2 աղբյուրի միջոցով ապահովել բնակչության կենսական պահանջը: Խմելու ջրի խնդիրը  ոչ վաղ անցյալում փորձել են լուծել` գյուղացուն հասանելի դարձնելով սարի տակի մաքուր, փափուկ և քաղցրահամ ջուր, սակայն աշխատանքների ավարտն այդպես էլ  չի երևացել:

Արտենի համայնքի ղեկավար Գեղամ Խլղաթյանը  նշեց, որ խմելու ջուրը գնում են ցիստեռնից, իսկ կենցաղային օգտագործման նպատակով ջուրն ապահովվում է համայնքը` 1 խորքային հորի միջոցով օրական մատակարարելով 2-3 ժամ:

Մինչ այդ ջրամատակարարումը եղել է 2 օրը մեկ անգամ, քանի որ ջրագծի ներտնտեսային ցանցը քայքայված է եղել  և ունեցել են ջրի մեծ կորուստ, մոտ 50-60 տոկոս:  Արտենի համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ   գյուղի 14 կմ ընդհանուր երկարության ջրատար ցանցից  գրեթե 13 կմ փոխվել է տարբեր բարեգործական կազմակերպությունների միջոցով: ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրով նախատեսվել է գյուղում տեղադրել դիտահորեր և ջրաչափեր, որը թույլ կտա օգտվելու շուրջօրյա ջրամատակարարումից:

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ` ԻՖԱԴ-ի ներդրումներով  գյուղում   արտեզյան ջրերի կուտակման համար  այս տարի նախատեսվում է հորատել 1 խորքային հոր և  վերակառուցել օրվա կարգավորիչ ջրամբարը:

ԻՖԱԴ-ով  նախատեսվել է նաև գազաֆիկացման  գործընթաց սկսել: Գազատար ներքին ցանցը կա, իսկ մուտքը` չկա: Արագածավան և Արտենի գյուղերի գազամատակարարումը խորհրդային տարիներին  նախատեսվել էր Քարակերտից, սակայն  2005-2006-թթ-ին փոխեց ուղղությունը, պետք է մատակարարվեր Թալինից: Ներկայում արտենցիներն  օգտվում են հեղուկ գազից, իսկ բնակարանները ջեռուցում են գոմաղբով և փայտով: Գազ ունենալու դեպքում գոմաղբն այլ նպատակի կծառայի, գազի թանկացումը չի ազդել նրանց տրմադրվածության վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button