Հասարակություն

Փետրվարի 13-ին կնշվի Տեառն ընդ առաջը,15-ին` Սուրբ Սարգիսի տոները

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Բովանդակային առումով իմաստուն և պատգամ հաղորդող տոներ առաջիկայում կտոնի Հայ Առաքելական եկեղեցին` փետրվարի 13-ին` Տեառն ընդ առաջը, իսկ 15-ին` Սուրբ Սարգիսի տոնը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը նշում է, որ եկեղեցական տոները հնարավորություն են տալիս առավել մոտենալու մեր ազգային  արմատներին: Հոգևորականը խորհուրդ է տվել տարբերել տոնի ծիսաարողական և ազգային մասերը` մատնանշելով աղի բլիթի ավանդույթը: 

http://www.armradio.am/hy/?attachment_id=47184

Տեառն ընդ առաջը` Տրնդեզը,  կարգվել է Երուսաղեմի առաջին եպիսկոպոսի կողմից և տոնը  հրավեր է Տիրոջն ընդառաջ գնալու,  զորանալու հավատքի մեջ  և ապրել սիրով ու նվիրումով:  Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամով` տոնը հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր:  Տեառն ընդ առաջը խորհրդանշում է  քառասնօրյա  մանուկ Հիսուսի  ընծայումը տաճարին:

Փետրվարի 13-ի երեկոյան լույսն օրհնվում  է եկեղեցու կողմից և  Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներն այն  տանում են տուն:  Եկեղեցական տոները բացի ծիսաարարողականից ունեն նաև ազգային մաս:  Տեառն ընդ առաջին ազգային տոնի բնորոշողը կրակ վառելն է։ Իսկ փետրվարի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնելու է Սուրբ Սարգիսի տոնը, որի ժամանակ եկեղեցի այցելող երիտասարդները  հայցում են սրբի բարեխոսությունը: Իսկ այն, որ տոնի նախօրեին երիտասարդներն ուտում են աղի բլիթ՝ երազում իրենց սիրեցյալին տեսնելու ակնկալիքով,  դա եկեղեցու հետ ամենևին կապ չունեցող ավանդույթ է, բարձրաձայնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր  Զաքարիա  վարդապետ Բաղումյանը և խորհուրդ տալիս  հավատը չկապել  երազների և աղի բլիթի հետ:

Ժլատ մի’ եղիր սիրեցյալիդ գեղեցիկ խոսքեր շռայլելու հարցում, խորհուրդ է տալիս հոգևորականը և հորդորում ամեն ժամն ու օրը սիրած էակի համար վերածել տոնի: Վերջին տարիներին  հայ հասարակության կյանք ներխուժած օտարամուտ այլևայլ տոները` Հելոուինն ու Վալենտինը, հոգևորականը կարծում է, բիզնես-կոմերցիոն միջոցառումներ են:

Ցուցադրել ավելի
Back to top button