ԿարևորՔաղաքական

ԵՄ- ՀՀ խորհրդարանական համագործակցության նիստն ավարտվեց առանց հայտարարության. հայ պատգամավորների իրարամերժ կարծիքները

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության  հանձնաժողովի նիստն ավարտվեց առանց  համատեղ հայտարարության: Պատվիրակության  ղեկավար ՀՀԿ- ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը որոշումը կայացրել է միանձնյա՝ հաշվի առնելով, որ հայտարարության նախագծում կան ՀՀ և ԼՂՀ շահերին հակասող դրույթներ: Հայաստանյան պատվիրակության անդամները այսօր հանդիպել են լրագրողների հետ։

Պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցությունն ավարտվեց առանց հայտարարության։ Հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ն ներկայացնող Սամվել Ֆարմանյանը ժամանակի սղության պատճառով չի խորհրդակցել  պատվիրակության մյուս անդամների հետ ու չի ստորագրել հայտարարությունը` պատճառաբանելով, որ հայտարարության մեջ առկա են եղել ձևակերպումներ, որոնք չեն բխել ՀՀ և ԼՂՀ շահերից։ «Մեզ չի հաջողվել գալ ընդհանուր համաձայնության եզրափակիչ տեքստի շուրջ: Դա նիստի համար անարդյունավետ ելք էր, բայց դա ներկայացնել որպես Հայաստան-ԵՄ հարաբերություններում փակվող դուռ, բացվող լուսամուտ, շատ սխալ է»,- ասում է պատվիրակության ղեկավարը։

Սակայն պատվիրակության ոչ իշխանական թևը ներկայացնող անդամները շարունակում են պնդել, որ հայտարարությունը չի ստորագրվել ոչ թե եվրոպացիների, այլ հենց ՀՀ պատվիրակության ղեկավարի սուբյեկտիվ որոշման հետեւանքով։ 

Պատվիրակության ՀՅԴ-ական անդամ Աղվան Վարդանյանն նշում է, որ Դաշնակցությունը ԼՂՀ հարցում եղել է ավելի անզիջող, քան՝ այսօրվա իշխանությունները, սակայն այս պարագայում անգամ նրանք համամիտ էին, որ  համատեղ փասաթուղթ պետք է ստորագրվեր։«Այս ամբողջ պատմությունը մոռացվելու է, բայց հիշվելու է այն, որ առաջին անգամ Հայաստան-ԵՄ խորհրդարանական պատվիրակությունները չկարողացան համատեղ փաստաթուղթ ստորագրել»։

Հայկական խորհրդարանական պատվիրակության ընդդիմադիր մյուս  անդամների  պնդում էին, որ պաշտոնական Երևանի ուղղորդմամբ՝ հակված չեն եղել փաստաթուղթը ստորագրել։ «Հայկական կողմը չի ցանկացել ընդունել հայտարարություն, որպեսզի Ռուսաստանում բացատրություններ տալու անհրաժեշտութուն չլինի: Իսկ եվրոպական կողմը չի ցանկացել, որ ի չիք դարձնի այն կարծիքը, որ Ադրբեջանը չի կարողանում ընդունել հայտարարություն, Հայաստանը կարողանում է: Հիմա ասում են՝ դուք էլ չեք կարողանում, Ադրբեջանն էլ, ձեզ առավել չդասեք»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Պատվիրակության ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստան վերադառնալուց հետո էլ մնում է այն կարծիքին, որ փաստաթուղթը ճիշտ էր ընդունելը: Պատգամավոր Էդմոն Մարուքյանը շեշտեց. «Ակնհայտ է, որ Եվրոպայի դուռը մեր համար դեռ փակված չէ, բայց եվրոպացիների համար այսօր պարզ չէ, թե որ ոլորտներում կարող են շարունակել համագործակցությունը մեր երկրի հետ։ Նիկոլ Փաշինյանն էլ նշում է, որ եվրոպացիների հետ շփումներից պարզ է դարձել, որ Հայաստանին չեն ընկալում  ազատ ու ինքնիշխան հանրապետություն։

Հայաստանյան պատվիրակության ղեկավարը  հիշեցնում է, որ 2012 թ նույն ԵՄ- ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներն ընդունել են հայտարություն, որը բավականի հայանպաստ է եղել, հետևաբար ի՞նչն է փոխվել վերջին մեկ տարվա ընթացքում ԼՂ կարգավորման վերաբերյալ ԵՄ խոհրդարանականների մոտեցումներում։

Back to top button