Տնտեսական

Գյուղնախարարության եւ ֆերմերների երկխոսությունը չստացվեց

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Թեժ քննարկում գյուղատնտեսության պաշտոնյաների  և Արարատի ու Արմավիրի մարզերի այն շահառուների հետ, ովքեր 2011թ օգտվել են  ցորենի էլիտար սերմացուի տրամադրման   ծրագրից: Ծրագրից օգտվել են, սակայն օգուտ չեն ստացել, այժմ գյուղնախարարությունը ցորենի սերմի գումարներն է պահանջում: Գուղնախարարության ներկայացուցիչը գյուղացիներին  շոու  բեմադրելու մեջ  է մեղադրել, վերջիններիս էլ որոշել են՝ պաշտոնյաները պետք է անցնեն թոշակի։ Այս հայտարարությունը  գյուղփոխնախարարին վերջնականապես հունից հանել է։

Նախ հիշեցնեմ՝ 2010թ  ՀՀ ընդունեց  «Ցորենի սերմնաբուծության ու սերմարտադրության»  ծրագիր, պատճառը՝ ՀՀ-ում վերջին տարիներին հատկապես հացահատիկային  մշակաբույսերի ցանքատարածությունների նվազումն էր: Ցորենի ցանքատարծությունները  129 հազարից նվազել էր 73 հազար հա- ի։ Նվազման տենդենցը կանխելու,  հողօգտագործողներին էլ որակյալ սերմացու ապահովելու նպատակով հաստատվեց ծրագիրը, նույն տարում էլ 1010 տոննա ցորեն ներկրվեց, հատկացվեց  115 շահառուների, որոնցից  չորսը գիտական կենտրոններ էին։ Նրանք ապահովել էին հատկացված սերմացուի վերադարձը՝ ինչպես և պայմանավորվել էին 1:2 հարաբերությամբ:

Ծրագիրը շարունակվեց նաև 2011թ, ներկրվեց 1150 տոննա էլիտար սերմացու, 50 տ տրամադրվեց ԼՂՀ-ին, մյուսներն էլ՝ հանրապետության 255 շահառուների: Այստեղից էլ սկսվեց  գյուղնախարարության   և  հատկապես Արարատի ու Արմավիրի մարզերի շահառուների մի մասի անհամաձայնությունը: Սա մեղմ ասած:

Այսօր լրագրողների հետ հանդիպող գյուղացիներն ասում էին, որ իրենց մտքով էլ չէր կարող անցնել, որ մի օր լրատվամիջոցների հետ կհանդիպեն, կհայտնվեն դատական ատյաններում, Հայաստանի օրենսդրության մի մասի հետ մանրամասն   կծանոթանան… Արարատի ու Արմավիրի մարզերի այս գյուղացիների բախտը պարզապես չի բերել։ Լսելով  ցորենի էլիտար սերմացուի տրամադրման  մասին՝ որոշել են իրենք էլ մասնակցել ծրագրին: Պայմանագիր են կնքել, ընդ որում՝ պայմանագրում որևէ կետ ֆորսմաժորային  իրավիճակի մասին չի նշվել:  Կնքված նոր համաձայնագրով՝  շահառուները 2013թ հունիսից մինչև նոյեմբեր պետք է հետ վճարեին գումարները։ Ի դեպ, գյուղացիներին մեկ կգ սերմացուն 350 դրամով էր տրամադրվել, գումարը, սակայն, 700 դրամով պետք է գանձվեր:

Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի պարզաբանմամբ՝ այսպես պետք է շահառուների միոջոցով  հետ վերադարձնեն սերմացուն: Այժմ, սակայն, նրանք մեկ կգ ցորենի համար պետք է 420 դրամ վճարեն: Գյուղացիները պնդում են, որ գինը փոխվել է ՄԻՊ- ի միջամտությունից հետո միայն: Փոխնախարարը, սակայն, հակառակն է  պնդում: Ավելին՝ գյուղացիների գործողություններում նա միտում է  տեսնում։ «Կառավարությունը ընդառաջ է գնացել և 700 դրամն իջեցրել է 420 դրամի, սահմանել է ամսական վճարման ժամանակացույց, որպեսզի մեղմ լինի և իրենք կարողանային վճարել: Նույնիսկ Վանաշենում, որ (ֆերմերը) պատրաստ էր սերմացուն հետո տալ, տեսնելով ընկերները չեն վճարում, ինքն էլ  ասաց, որ չի վճարի, կանխամտածված միտում եմ տեսնում»։

Գյուղացիները պնդում են, որ տրամադրված սերմացուների մի մասը գրանցված չէ Հայաստանում, պաշտոնյաներն էլ հակառակն են պնդում։ Նրանց բանավեճն ի վերջո վեճի վերացվեց, գյուղնախարարության ներկայացուցիչը գյուղացիներին  շոու  բեմադրելու մեջ մեղադրեց, վերջիններիս էլ որոշեցին,որ պաշտոնյաները պետք է անցնեն թոշակի։ Այս հայտարարությունը  փոխնախարարին վերջնականապես հունից հանեց. «Դուք շուոն սարքել եք, եկել ընկել եք էդ իրականության մեջ»։

Թեժ կրքերը երկար ժամանակ չէին  հանդարտվում, կողմերը փորձում էին մասնագիտորեն հասկանալ, թե ինչու ցորենի բերք չեն ստացել, սակայն, քաղաքակիրթ քննարկում, վերջում արդեն անհնար էր սպասել։ Գյուղացիներից մեկն ասաց, որ մեկ անգամ են ջրել , ու հնչեց գյուղփոխախարար Գլստյանի արձագանքը՝ «Չորս ջրի փոխարեն մեկ ջու՞ր  եք արել, ինչ ցանել ես, այն էլ քաղել ես»։

Արմավիրի մարզի Վարդաշեն համայնքից Երևան եկած Հակոբ Վարդանյանի՝ գյուղնախարարությունը կանգնած է գյուղացու կողքին  հարցն անպատասխան մնաց: Պատասխան չստացած գյուղացուց փորձեցինք  ստանալ   իր իսկ հարցի պատասխանը.«Գյուղնախարարությունը կանգնած չէ գյուղացու կողքը»:

Շահառուներից մեկն ի դեպ, դատը շահել է։ Սա ցորենի սերմացուի գործով առաջին հայցն էր, որի քննությունն ավարտվել է, և Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռը հօգուտ գյուղացու է կայացրել: Այս հայցով Սերմերի գործակալություն ՊՈԱԿ-ը պահանջում էր ֆերմերից գանձել 1 մլն 108 հազար դրամ՝ որպես փոխհատուցում նրան հատկացված սերմացուի դիմաց: Դատարանը հայցը մերժել է՝ հավաստի համարելով ֆերմերը Մեսրոպ Հայրապետյանի փաստարկները։ Գյուղնախարարությունը, սակայն, դատավճռի հետ համաձայն չէ, և  ապտրաստվում է  այն վիճարկել։

Ցուցադրել ավելի
Back to top button