ԿարևորՄշակույթ

Անսպասելի եւ հաճելի անանկալ. Սոչիի Օլիմպիադայում կհնչի հայկական դուդուկ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Սոչիի օլիմպիական խաղերի ընթացքում հնչելու է հայկական երաժշտություն: Միջազգային 7-րդ ձմեռային երաժշտական փառատոնին մասնակցելու համար Սոչի է հրավիրվել նաև հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը: Փետրվարի 6-ից 20-ն անցկացվող 7-րդ ձմեռային փառատոնի կազմակերպիչն է ռուս հայտնի երաժիշտ Յուրի Բաշմետը: Փառատոնային հիմնական բեմահարթակը Ձմեռային թատրոնն է, ցուցադրվում են թատերական ներկայացումներ ու ֆիլմեր: Այսպիսով`Սոչիի ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի շրջանակում անցկացվող Միջազգային 7-րդ երաժշտական փառատոնում առաջին անգամ կհնչի հայկական դուդուկը:

Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիադայում կհնչի հայկական դուդուկը: Հայկական ազգային երաժշտական գործիքը կներկայացնի անվանի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը: Առաջարկը նա ստացել է համաշխարհային անվանի ազգությամբ ռուս ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետից մոտ 8 ամիս առաջ: Բաշմետի հետ ծանոթ է ավելի քան 7 տարի: Նրա հետ առաջին անգամ ելույթ է ունեցել Իտալիայի Էլբա կղզում` Վաչե Շարաֆյանի ստեղծագործություններից մեկը նվագելիս: 2-րդ հանդիպումը կայացավ Մոսկվայի կոնսերվատորիայում: Տարիների ընթացքում ծանոթությունը վերածվեց ընկերության: Արդյունքում` Գևորգ Դաբաղյանն արժանացավ շատ անսպասելի ու միևնույն ժամանակ հաճելի առաջարկի:

Նրանք կատարելու են Վաչե Շարաֆյանի և Կոմիտասի ստեղծագործությունների հիման վրա գրված 15 րոպե տևողությամբ կոմպոզիցիա:  Դուդուկահարը կարծում է, որ նման մեծամասշտաբ միջոցառման մասնակցելը բավականին լավառիթ է ինչպես մեր մարզիկներին ոգևորելու, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրերին հայկական երաժշտական գործիքը ներկայացնելու համար:

«Ռադիոլուր»-ի հարցին, թե որն է դուդուկի հմայքի գաղտնիքը, Գևորգ Դաբաղյանը պատասխանեց.«Դուդուկի գաղտնիքն իր պարզության եւ անկեղծության մեջ է, նրան պետք չէ ավելորդ զարդանախշեր տալ: Դուդուկի մեջ նաեւ հայկական հոգեկան բարությունն ու ազնվությունը կա»:

Հիշեցնենք, որ Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերն անցկացվում են Սոչիում, փետրվարի 7-23-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button