Հասարակություն

Սայաթ- Նովա 10 հասցեի բնակիչները կբողոքել՝ ընդհուպ Եվրադատարան

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Սայաթ- Նովա 10 հասցեում՝ նախկին կաթսայատան տեղում, կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը ուղղակիորեն ազդում է հարակից շենքերի սեյսմակայունության վրա, այսօր «Հենարան»’ ակումբում  ասել են շենքի բնակիչները: Անդրանիկ սարկավագ Մանուկյանը տեղեկացրեց, որ բաց նամակ է գրել բոլոր պատկան մարմիններին, բայց ապարդույան. նրանք ցուցաբերում  են կատարյալ անտարբերություն:

Բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ «բազմաթիվ դիմումներ կան ներկայացված տարբեր կազմակերպություններից, որտեղ  իրենք ապացուցում ենք, որ շինարարությունը ընթանում է խախտումներով, իսկ հակառակը՝ Երեւանի քաղաքապետարանից չեն հիմնավորում»:  Փաստաբանը տեղեկացրեց, որ արդեն երկու ամիս է նրանք դիմում են ներկայացրել վարչական դատարան, սակայն մինչ այս պահը չգիտեն  դատարանը գործը վարույթ ընդունե՞լ է, թե՞  ոչ։

Բնակիչների խոսքով՝ ընթացող շինարարության հետևանքով արդեն կան բնակարաններ, որոնց  պատերը ճաք են տվել: Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ վերջին անգամ քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունից բնակիչների ահազանգով եկել են, բայց վստահեցրել են, որ շինարարությունն իրականացվում է օրենքով, իսկ փորձաքննությունների կարիք չկա:

Պետական ֆիլհարմոնիայի մենակատար, դաշնակահար  Լեւոն Ջավադյանը, ով   այդ շենքի բնակիչ է, տեղեկացրեց, որ  այս պահին բնակիչները մնացել են   միայնակ և հայտնվել են կառուցապատողի հետ դեմ առ դեմ։ Պատկան  մարմիները ուղղակի անտարբեր են այս ամենի  նկատմամբ: «Սկզբից բոլոր կուսակցականները, օլիգարխների դեմ պայքարողները մեր հայաթում էին, հիմա մենք մնացել են միայնակ»,- ասում են։

Մեր պայքարը քաղաքական չէ, այլ  պարզապես ցանկանում ենք տեր կանգնել մեր բնակարաններին, ասում է պարուսույց, սպորտային պարերի միջազգային կարգի մրցավար, Սայաթ Նովա 10 հասցեի բնակիչ  Արթուր Զաքարյանը՝ նշելով,  որ բակում լարվածությունը գնալով նորանոր գույներ է ստանում։ 

Բնակիչները պատրաստ են հասնել մինչև Եվրադատարան։ «Դիմելու ենք և պարտավորեցնենք, որ կառուցապատողն իր ձեռքով քանդի այդ շինությունը»,-  հավատացրեց Սայաթ-Նովա 10 շենքի բնակիչ, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button