Տնտեսական

Հայկական գինին ներկայացված է Մոսկվայի «ՊրոդԷքսպո-2014» ամենամյա ցուցահանդեսում

Հայաստանի գինեգործության ոլորտի զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում հայկական վեց գինեգործական ընկերություններ կմասնակցեն այս օրերին  Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայանալիք «ՊրոդԷքսպո-2014» ամենամյա սննդի, խմիչքների և դրանց արտադրության հումքի 21-րդ միջազգային ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են Զարգացման հայկական գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընկերությունները հանդես կգան միասնական հայկական տաղավարում՝ «Հայաստանի գինիներ» խորագրի ներքո և կներկայացնեն «Արմավիր Վինյարդս», «Աստաֆյան», «Մաթևոսյան Վայն», «Մարան», «Հին Արենի», «Դոմեն Ավետիսյան» ապրանքանիշերը: Վերոնշյալ ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական և համաֆինանսավորման աշխատանքներն իրականացնում են Զարգացման հայկական գործակալությունը և Արդունաբերական զարգացման հիմնադրամը:

«Պրոդէքսպո»-ն համարվում է Ռուսաստանի Դաշնության և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսը, որը հնարավորություն է ստեղծում նոր գործարար կապերի հաստատման, ոլորտի նորություններին և զարգացման միտումներին ծանոթանալու համար: «Պրոդէքսպո-2014» կունենա 2300 մասնակից 63 երկրներից և 35 ազգային տաղավար:

Ցուցադրել ավելի
Back to top button