Միջազգային

Ժնեւում սկսվել է Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության բանակցությունների 2- րդ փուլը

Ժնևում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը. ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի պետությունների հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին արդեն հանդիպել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ, ավելի ուշ սպասվում են բանակցություններ պաշտոնական Դամասկոսը ներկայացնող Սիրիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակության հետ:

Սիրիական ճգնաժամի հաղթահարման նպատակով ամսվա սկզբին բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր առանց էական առաջընթացի, կողմերին այդպես էլ չէր հաջողվել համաձայնեցնել ռազմական գործողությունների դադարեցման ծրագիրը: Բանակցային առաջին փուլից հետո միայն հաջողվել էր հումանիտար օգնություն հասցնել շրջափակման մեջ գտնվող Հոմս քաղաք. Եռօրյա հրադադարի ընթքցքում Հոմսից հաջողվել էր դուրս բերել 610 խաղաղ բնակիչ։

Այդուհանդերձ՝ հրադադարի ռեժիմը չէր պահպանվել անգամ համաձայնեցված ժամկետներում. ՄԱԿ-ի ավտոշարասյունը հումանիտար օգնությամբ, հրետակոծության էր ենթարկվել: Կառավարական զինուժը մեղադրում է ապստամբներին, նրանք իրենց հերթին մեղադրում են պաշտոնական Դամասկոսին:

Ի դեպ, այսօր հայտնի է դարձել, որ Հոմս քաղաքում  հրադադարը կարող է երկարաձգվել ևս երեք օրով: «Հարցը քննարկվում է կողմերի հետ, որպեսզի խաղաղ բնակիչները, առաջին հերթին՝ երեխաները, կանայք, ծերերը, հնարավորություն ստանան լքելու վտանգավոր շրջանները»,- ասել է Հոմսի նահանգապետ Թալալ Ալ-Բարազին:

Նրա խոսքով՝ Սիրիայի կառավարությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ միջանցք՝ փախստականներին ցանկացած թաղամասից տարհանելու, այնուհետև նրանց հասցնելու այն վայրը, որտեղ կցանկանան:

Ցուցադրել ավելի
Back to top button