Հասարակություն

ԶԼՄ- ների մեծ քանակը բացասաբար է ազդում որակի վրա, ասում է ԵՄԱ նախագահը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայաստանյան լրատվական դաշտը այսօր չափազանց բազմազան է: Լրատվամիջոցների մեծ քանակը, սակայն,  բացասաբար է անդրադառնում որակին, այսօր նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Այս եզրահանգման հիմքում անցյալ տարի «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում իրականացված «Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը» հետազոտությունն է։

Ուսումնասիրման շրջանակներում իրականացվել են սոցիոլոգիական և փորձագիտական հարցումներ, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ների մշտադիտարկում: Որպես լրատվամիջոց վերջին տարիներին ակտիվացել են համացանցային լրատվական կայքերը, որոնք հաջողությամբ մրցակցում են տպագիր մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության հետ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը ստիպում է լրատվամիջոցներին գործել համընթաց՝ ուժեղացնելով ներկայությունը համացանցում, որի հայաստանյան օգտատերերի քանակը զգալի ավելացել է վերջին տարիներին: Աճի տեմպերը այսօր ավելի արագ են մարզերում, քան՝ մայրաքաղաքում, նկատեց բանախոսը:

Լրատվության պահանջարկին համահունչ է հայաստանյան մեդիա դաշտի առաջարկը։ Միևնույն ժամանակ՝  լրատվամիջոցների գործունեության վրա ազդում են գովազդային դաշտի համեմատաբար սակավ հնարավորությունները: Արդյունքում՝ Բորիս Նավասարդյանը կանխատեսում է նորանոր մեդիահոլդինգների ձևավորումը և մեծ լրատվամիջոցների կողմից փոքրերի կլանումը: Ըստ նրա՝ մեր մեդիա դաշտի զարգացումները այսօր կրում են սուբյեկտիվ բնույթ։

Երևանի մամուլի ակումբի նախագահը նկատեց, որ այսօր ավելի կարիք կա զարգացնել որակը, այլ ոչ թե ավելացնել քանակը: Այս հարցը առանձին քննարկման կարիք ունի, հավելեց նա:

Ցուցադրել ավելի
Back to top button