Տնտեսական

Կառավարությունն այս տարվանից սկսել է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր իրականացնել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի կառավարությունն այս տարվանից սկսել է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր իրականացնել: «Ոռոգման համակարգի բարելավման ծրագրի» արժեքը կազմում է 37 մլն 500 հազար դոլար: Քառամյա ծրագիրը նախատեսվում է ավարտել 2017թ ամռանը:37,5 մլն դոլար գումար կծախսվի ու մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս ոռոգման համակարգով: Մասնագետները, սակայն, կարծում են, որ մեր երկրում նույնպես պետք է ոռոգման համակարգում նոր տեխնոլոգիաներ կիրառվեն, ինչպես օրինակ, ոռոգման կաթիլային համակարգի ներդրումն է:

Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը կարծում է, առաջիկա տարիներին պետք է խնդրով լուրջ զբաղվեն, միաժամանակ նկատում ՝ սա միայն պետության խնդիրը չէ, համակարգի ներդրման պարագայում երկկողմանի խնդիրներ կլուծվեն:

«Մի կողմից ֆերմերը շատ ավելի բարձր բերքատվություն կարող է ակնկալել , ոռոգման ծախսային ուղղությունը կարող է էականորեն պակասեցնել, մյուս կողմից մենք կարող ենք ռեսուրս խնայել, և այս փոխգործակցությունը վստահ եմ, որ մեր առաջնահերթություններից պետք է դառնա»:

Ջրային պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը նույնպես համոզված է, որ գյուղատնտեսությունում ու հատկապես ոռոգման ապագան կաթիլային համակարգի ներդրմանն է: ճիշտ է դանդաղ, որ բայց որոշ քայլեր արդեն արվում են:

«Անցել ոռոգման կաթիլային եղանակին, արդյունավետ է բոլոր կողմերից և ջուրն է որպես ռեսուրս օգտագործվում ավելի քիչ, հնարավոր է բավականին շատ տնտեսել, և ջրի վարձը, որը կազդի, հասկանալի է, ինքնարժեքի վրա, և պատահական չէ, որ ասում եմ՝ ոռոգման կաթիլային եղանակին արտադրված վերքն ավելի բարձր է ստացվում»:

Մասնագետները իրատես են, գիտեն՝ հայ գյուղացիներն այսօր ֆինասնապես պատրաստ չեն այդ ծախսը վերցնել իրենց վրա: Նրանց մի մասը, սակայն, գիտակցում է արդյունավետության աստիճանն ու ելքեր փնտրում: «Իսկ հնարավոր չէ՞ սարքավորումների մի մասը արտադրել Հայաստանում, և ավելի ցածր գին կունենան, և նոր, լրացուցիչ աշխատատեղեր կստեղծվեն,- հարցրեցինք Ադիբեկ Ղազարյանից.«Ես կարծում եմ, այո, հենց այդպես էլ պետք է արվի, պետք է շատ խորը ուսումնասիրվի, ինչ որ հնարավոր է Հայաստանում արտադրել, պետք է արտադրվի Հայաստանում, ինչը կարելի է դրսից բերել, պետք է դրսից բերվի: Ես շատ երկրներում տեսել եմ, որ ֆերմերը ինքն է մոնտաժն անում, մոնտաժ անելը պրոբլեմ չի: Դա էլ է ծախս, եթե վերցնում ենք երեք հազար, այդ գումարից ինչ որ մի բան ավելի էժան մեր երկրում արտադրենք, ֆերմերն էլ ինքը մոնտաժն անի, իհարկե կհեշտանա բեռը»:

Հավելեմ, որ ոռոգման կաթիլային համակարգի, այսպես ասենք, ջատագով ու աշխարհին հայտնի միջազգային կազմակերպություննրն արդեն Հայաստանում են, հանդիպումներ են ունենում պատկան մարմինների, գյուղացիների հետ, հատկապես խոշորներ տնտեսությունների, , աստիճանաբար փորձում են ներդրումներ սկսել: Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ի դեպ, կարծում է, որ ոռոգման կաթիլային համակարգի ներդրումն իրատեսական է այն մարզերում, որտեղ ջրի մեծ սպառում կա, հողն այնպիսի կառուցվածք ունի, որ ավելի մեծ քանակի ջուր է պահանջում, ինչպես օրինակ Արարատի ու Արմավիրի մարզերն են:

Ցուցադրել ավելի
Back to top button