Վերլուծական

Քաղաքագետ. ԼՂ- ի նման հակամարտությունները ձգվում են սերունդներ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Ղարաբաղյան հարցը կշարունակի մնալ անլուծելի, այդպիսի կոնֆլիկտները չեն լուծվում երկու տարում, դրանք ձգվում են սերունդներով»,- լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նման համոզմունք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Քաղաքագետի խոսքով` պատերազմի վերսկսում կարող է լինել միայն մեկ դեպքում` եթե խախտվի ռազմական բալանսը։

ԼՂ հակամարտության կարգավորման մեջ փոփոխություններ չեն լինի, համոզված է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ոչ մի փոփոխություն չի լինելու: Դա անհնար է,  որեւէ` ո՛չ այս, ո՛չ այն կողմ: Ղարաբաղի իրավիճակը կմնա ու կպահպանվի այնպիսին, ինչպիսին կա` առնվազն առաջկա կարճաժամկետ հեռանկարում»։

Քաղաքագետը նկատեց, որ մասնավորապես համանախագահները կփորձեն, որ Մինսկի գործընթացը չմեռնի։ Ըստ վերլուծաբանի` Մինսկի գործընթացի պահպանման համար նրանք կջանան անել ամեն ինչ, քանի որ դա է կողմերի համար անվտանգության որոշակի ձևաչափը եւ դա բոլորն էլ հասկանում են: «Այս փուլում Մինսկի խմբի իրական գործառույթը հենց Մինսկի գործընթացի պահպանում է: Դա լավ գործառույթ է, դա վատ գործընթաց չէ եւ, իմ կարծիքով նույնպես, Մինսկի գործընթացը պետք է պահպանվի: Դա ստատուս-քվոյի պահպանման ձևաչափերից մեկն է»։

Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին մշտապես հավասարակշռված գնահատական տալուն առնչվող հարցին` քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ դա նրանց աշխատանքն է, այլ կերպ նրանք չեն կարող եւ դա ոչինչ չի նշանակում ու ոչինչ չի փոխում: Դա բնական գործընթաց է եւ, հաշվի առնելով տարածաշրջանի մի շարք կետերում առկա իրավիճակը, համանախագահների գործը Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի շարունակությունն ապահովելն է։ «Համանախագահների նպատակը Մովսես Առաքյալ լինելն ու ճիշտը ասելը չէ: Նրանց գործը գործընթացի շարունակականության ապահովումն է»։

Ինչ վերաբերում է շփման գծում վերջին շրջանում արձանագրվող լարվածությանը` «Կովկաս» ինստիտուտի տնօրենի համոզմամբ` դրանք պատահականություն չեն եւ այդ սադրանքներն իրականացվում են Բաքվի ուղիղ հրամանով: Քաղաքագետի գնահատմամբ` ադրբեջանական կողմը նման քայլերի գնալու իրական դրդապատճառ ունի եւ դա քաղաքական է՝ լարվածություն պահպանելը։ Խնդիրն է` ցույց տալ, թե ամբողջ Մինսկի խումբն աշխատում է դիպուկահարներին շփման գծից հեռացնելու ուղղությամբ, սակայն դա ոչ մի կերպ չի հաջողվում, քանի որ ադրբեջանցիները հակառակվում են: Այս միտումը, քաղաքագետի խոսքով, պահպանվում է։

«Կովկաս» ինստիտուտի տնօրենը միաժամանակ գրեթե ամբողջովին բացառեց պատերազմի վերսկսման հնարավորությունը: Նա նկատեց` ցանկացած պատերազմի սկսման համար անհրաժեշտ է, որ այն սկսող կողմն  ամենաքիչը 50-60 տոկոսով վստահ լինի, որ իր հաղթանակն իրական է: Ղարաբաղում նման հավանականությունը, քաղաքագետի համոզմամբ, թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ հեռանկարում բացառվում է։

Ցուցադրել ավելի
Back to top button